Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Հաագայի դատարանի որոշմանը, որով դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով: Մարուքյանը նշել է, որ Հաագայի դատարանն այդ որոշմամբ ավելի ամրացրեց և միջազգային իրավական մակարդակում լեգիտիմ ճանաչեց 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի պարտավորություններն ու դրանով սահմանված կառուցակարգերը։ «Շուրջ երկու տարի է, ինչ Ադրբեջանը ջանք չի խնայում 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության կառուցակարգերի վերացման համար, սակայն, հակառակ Ադրբեջանի ջանքերի, այսօր ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը բավարարեց Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու մասին Հայաստանի դիմումը և այդ որոշմամբ, ըստ էության, նաև ավելի ամրացրեց և միջազգային իրավական մակարդակում լեգիտիմ ճանաչեց 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի պարտավորություններն ու դրանով սահմանված կառուցակարգերը։ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ արձանագրվել են և պետք է շարունակեն գործել հետևյալ կառուցակարգերը՝

Լեռնային Ղարաբաղ միավորի գոյություն.
Այս մասով՝ Ադրբեջանն անդադար փորձում է հերքել ԼՂ միավորի գոյությունը, իսկ Ադրբեջանի նախագահը միջազգային բոլոր գործընկերներից պահանջում և խնդրում է, որ այլևս չօգտագործեն "Լեռնային Ղարաբաղ" ձևակերպումը։

Լեռնային Ղարաբաղում շփման գծի առկայությունը.
Եռակողմ հայտարարության ստորագրումից օրեր անց Ադրբեջանը բազմաթիվ փորձեր է արել այդ իրողությունը վերացնելու ուղղությամբ։

Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվող Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ.
Եռակողմ հայտարարության ստորագրումից օրեր անց Ադրբեջանի նախաձեռնած բազմաթիվ սադրանքներ ուղղակի հարված են հասցրել ՌԴ խաղաղապահ զորակազմի գործունեությանը։ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության միջև Լաչինի միջանցքով գործող անխափան կապի՝ Ադրբեջանի երաշխավորությամբ և ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողությամբ ապահովման պարտավորությունը.

Այս մասով, արդեն շուրջ երկու ամիս Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը՝ կրկին փորձելով քանդել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ արձանագրված՝ Լաչինի միջանցքի ճարտարապետությունը։

Ռազմագերիների, պատանդների և անազատության մեջ պահվող այլ անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակում․
Հայկական կողմն այս մասով իր պարտավորությունները պատշաճ կատարել է, իսկ Ադրբեջանը շարունակում է հայ ռազմագերիներին և անազատության մեջ պահվող քաղաքացիական անձանց պահել գերության մեջ։

Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակում.
30-ամյա շրջափակումը վերացնելուն միտված՝ Հայաստանի բոլոր ընդառաջ քայլերը մինչ օրս պատշաճ արձագանքի չեն արժանացել, և Հայաստանն այժմ էլ շարունակում է մնալ անօրինական շրջափակման մեջ»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Մարուքյանը։