ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
Պաշտպանության նախարարն ասում է, որ բանակում բարեփոխումներ են արվելու, որի արդյունքում զինված ուժերը զբաղվելու է երկրի պաշտպանությամբ, մարտական պատրաստությամբ, այն գործով, ինչով պետք է զբաղվեն։
Սրան հասնելու ճանապարհին իշխանությունը որոշել է Գլխավոր շտաբի պետին տալ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի կարգավիճակ։
Պաշտպանության նախարարը մինչև հիմա տեղյակ չի, որ զորքերի մարտունակության, մարտական պատրաստության հետ կապված խնդիրը մինչև իր ասած «բարեփոխումն» էլ զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր անելիքն էր։
Երկրորդ, իշխանությունը կարծում է, որ ԳՇ պետին պաշտպանության նախարարի ենթակայության բերելով կկանխի այնպիսի հայտարարությունները, ինչպիսին եղավ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի օրոք։
Ստացվում է, որ վարչապետի ենթակա ԳՇ նախկին պետն արել է իշխանության համար անցանկալի հայտարարություն, որը ըստ այս իշխանության չէր լինի, եթե նա լիներ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։ Աբսուրդ։
Երրորդ, գլխավոր շտաբում և պաշտպանության նախարարությունում կան նույն գործառույթներ իրականացնող ստորաբաժանումներ, որոնք պետք է կառուցվածքային փոփոխությունների միջոցով վերակազմավորել, բայց դրա համար ԳՇ պետին իմաստ չկա ՊՆ առաջին տեղակալ սարքել։ Ավելին՝ սա ավելի շատ խնդիրներ է առաջացնում, քան լուծում։
Խոսում են ԳՇ-ի՝ բացառապես մարտական պատրաստությամբ զբաղվելու մասին, սակայն այն տանում են մտցնում նախարարության տակ՝ ամեն ինչ խառնում իրար։