ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը թելեգրամյան իր ալիքում գրել է.

 
 

«Երեկ Ռուսաստանը հայտարարեց, որ պատրաստվում է դեպի Եվրոպա մատակարարվող գազի գործարքներն իրականացնել ռուսական ռուբլով։ Սա կարող է Եվրոպայում և աշխարհում կտրուկ տնտեսական վերադասավորումների նախերգանք դառնալ։

 

 Մի քանի նախնական եզրահանգումներ.

 Այս որոշումը կամ կբերի Եվրոպայում ռուսական գազից վերջնական հրաժարման` հանգեցնելով գների կտրուկ աճի, կամ ԵՄ երկրներին կստիպի այս կամ այն կերպ վերականգնել Ռուսաստանի հետ տնտեսական կապերը` մասնավորապես ռուսական արժույթ գնել։

 Ռուսական արժույթի համար ԵՄ երկրները չեն կարող վճարել, քանի որ վճարման բոլոր ալիքները փակել են, հետևաբար շատ հավանական է թվում վերոհիշյալ առաջին սցենարը։

 ԵՄ որոշ երկրներ ՌԴ֊ի հետ կարող են փոխզիջումային լուծում գտնել` ի դեմս չինական յուանի(կարելի է այս համատեքստում դիտարկել նաև Պուտին֊Շոլց հեռախոսազրույցը` հայտարարությունից կարճ ժամանակ անց)։

 Իրադարձությունների նման ընթացքը կարող է նախադեպային դառնալ մի շարք այլ երկրների` մասնավորապես Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, Իրանի, Հնդկաստանի համար։ Ընդ որում, կան տեղեկություններ, որ օրինակ Սաուդյան Արաբիան արդեն իսկ Չինաստանի հետ բանակցում է` էներգակիրների հետ կապված գործարքները ազգային արժույթներով իրականացնելու համար։

 Նախադեպը և ԱՄՆ֊ից դոլարային կախվածությունը թուլացնելու հեռանկարը կարող է շատ գայթակղիչ լինել հատկապես ավտորիտար և հիբրիդային համակարգեր ունեցող երկրների համար` Մերձավոր Արևելք, Աֆրիկա, Ասիա, Լատինական Ամերիկա։

 Ի վերջո սա կարող է հանգեցնել չինական արժույթի` որպես արևմտյան արժույթներին լուրջ այլընտրանքի դերի էական ավելացման, ինչը բոլորովին նոր աշխարհատնտեսական իրավիճակ կձևավորի։

Վստահաբար պետք չէ հուսալ, որ նկարի միջի անձինք ի վիճակի են իրավիճակը լուրջ վերլուծել և Հայաստանի համար համարժեք հետևություններ անել։ Իսկ այդպիսի հետևությունների անհրաժեշտություն միանշանակ կա` հաշվի առնելով Հայաստանի տարեցտարի աճող արտաքին պետական պարտքի և պահուստների արժութային կառուցվածքը»։