Ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր ևս երկու դիմում ենք ներկայացրել Սահմանադրական դատարանին՝ դատարանների և տեղական ինքնակառավարման մարմինների անկախության ակնհայտ խնդիրների վերաբերյալ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«1) Հաշվի առնելով արդեն աբսուրդի հասնող երկակի ստանդարտը և հիմնավորվածության դեֆիցիտը Արդարադատության նախարարության կողմից դատավորների նկատմամբ հարուցվող կարգապահական վարույթների մասով, վիճարկել ենք առհասարակ Դատական օրենսգրքով նախատեսված այդ լիազորության սահմանադրականությունը:
2) Գործադիր իշխանության կողմից ՏԻՄ ավագանու կարգավիճակի հակասահմանադրական զավթման խնդրին ևս պետք է լուծում տրվի: Մասնավորապես դիմումով վիճարկվել է այն, որ առանց տարբերակելու թե տվյալ համայնքի ղեկավարն ընտրվում է ուղղակի ձևով, թե՞ ավագանու կողմից հենց գործադիր իշխանության միջամտելու և վերջինիս կողմից համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու լիազորությունը:
Ներկայացված երկու դիմումները և նշյալ խնդիրները հերթական իրական փաստեր են Հայաստանում ժողովրդավարական նորմերի ակնհայտ հետընթացի և հատկանշական է, որ այդ ձևակերպումը օգտագործվել էր հենց վերջերս հայտնի Freedom House կազմակերպության կողմից»: