ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի՝ խորհրդարանում ունեցած ելույթին և մի քանի դիտարկում ներկայացրել։

«Վերջերս շատերի մոտ տեսա տարբեր գնահատումներ՝ դրական կամ բացասական, ուղղված կրթության փոխնախարարի կրթության բարեփոխումների մասին ելույթին, որտեղ դոմինանտ էր դրական գնահատումները։ Ի՞նչ խոսք, ասեմ, որ դա առաջին անգամը չի, և ես այլ առիթներ էլ եմ ունեցել լսելու, քննարկելու բանավիճելու, որոշ հարցեր էլ միասին կարգավորելու։

Չեմ ոգևորվել ելույթից ու ոչ թե նրա համար, որ վատն էր կամ սխալ բան էր խոսում, որ կամ չեմ ուզում, այլ այն պատճառով, որ արդեն 20 տարի նույն տեքստերը լսում եմ և ինչո՞ւ չէ, նաև ես եմ ասել տարբեր կարևոր հանդիպումների և գիտաժողովների ժամանակ։ Լսել եմ նաև փառահեղ մոտեցումներ մեր փորձագետներից, առաջարկներ ենք քննարկել, մտքեր առաջարկել և այլն, և այլն...

Վստահ եմ, որ շատերդ կփաստեք, քանի որ կամ ներկա եք գտնվել, կամ դուք եք իրենցից մեկը, կամ լսել եք այդ մասին...

Ինչո՞ւ ոչինչ չի լինում և ո՞րն է խնդիրը, հիմա ներկայացնեմ իմ դիտարկումները.

1. Խնդիրն այն չէ, որ մենք չգիտենք, թե որքան վատ վիճակում է մեր կրթական համակարգը և ելույթը հայտնություն էր։

2. Խնդիրն այնտեղ չէ, որ մենք չունենք բավականաչափ մասնագետներ (ստում են, եթե ձեզ այդպես են մատուցում)։

3. Խնդիրն ոչ էլ այն է, որ էդ մասնագետները չեն ուզում գործ անել։

4. Խնդիր չկա նաև ֆինանսական հարցերում, քանզի այն կա մեր երկրում և եթե արտաքին պարտք է վերցվում, ապա դա ոչ թե ասֆալտի, այլ բացառապես կրթության ու բանակի վրա է պետք ծախսել։

5. Ես խնդիրը չեմ տեսնում նաև միայն ուսուցիչների մեջ, սուտ է, երբ ձեզ համոզում են, թե վատն են ուսուցիչները դրա համար կրթության որակը ցածր է, այո՛ այդ հարցը կա, բայց կրթության որակը բացառապես այդ հարցի հետ կապելն անմտություն է։

Վստահ եմ թվարկելու շատ բաներ կան, բայց կարիքը չկա, գիտեմ, որ դուք էլ կարող եք այս 5 կետերին ավելացնել բազմաթիվ կետեր։

Պատճառը մեկն է՝ քաղաքականությունը։

Այո՛, այո՛, այն նույն քաղաքականությունը, որի մասին տիկին Անդրեասյանը շատ հաճախ է մեջ բերում իր խոսքում. Մեր քաղաքականությունն այսպես է...

Բոլոր ժամանակներում էլ դա է եղել պատճառը և խնդիրը, բայց բոլոր ժամանակներում խոսել են սրտացավորեն , որ ուզում են փոխել։

Ապա ի՞նչն է խանգարում .

1. Ուժեղացնել նախադպրոցական կրթությունը, փակել ավագ դպրոցները և վերադառնալ միջնակարգ կրթության(այս պահին կարող եք համեմատել տարբերությունը, քանի որ ունենք երկու մոդելն էլ ), հզորացնել և խրախուսել միջին մասնագիտական կրթությունը։

2. Դրոցներում ոչ թե տարատեսակ քաոս ստեղծել, այլ գնալ կառուցողական առողջացման։

3. Թեթևացնել վարչարարությունը և ուսուցչի ու դասախոսի համար ավելի շատ ինքնակրթության և պարտադիր կրթության հնարավորություն ստեղծել, քան տարատեսակ անիմաստ և անյութ թղթեր լրացնելու պահանջ դնել։

4. Չափորոշիչների և ծրագրիր մշակելուց հրավիրել մարդկանց, որոնք ոչ թե գեղեցիկ խոսում են «ոչնչի մասին» այլ գործում են հանուն կրթության որակի բարձրացման։

5. Գրքերի մշակումը, ոչ թե պետք է թողնել «ով երկու գիրք է կարդացել կարող է ներգրավվել դասագրքի կազմման գործում», այլ հրավիրել պրոֆեսյոնալների խումբ, որոնք ոչ թե կհենվեն բացառապես կոնվենցիաների պահանջի վրա, այլ նաև կրթության իրական որակի, իրական կարիքի և երեխաների գիտելիքների, կարողությանների, հմտություններ զարգացման վրա նախադրյալ և հենք կստեղծեն ...

Բազմաթիվ թվարկելու կետեր կան կրկին, բայց անիմաստ է, քանի որ դա՜ռը քաղաքականությունն այլ բան է պահանջում. խոսել մի բանի մասին և անել ուղիղ հակառակը։

Լավ, գոնե մաքրեք եթերը, որն հազարավոր աղբ է տարածում ու ուղիղ ազդում է, թե՛ կրթության, թե՛ դաստիարակության, թե՛ արժեհամակարգի ձևավորմանը։

Այս ամենը մի կապեք անձանց հետ, իրենք փոքր խնդիր են, մեծ խնդիրը մեծերի վարած քաղաքականության մեջ է...

Դեռ կորած չէ ոչինչ...

Մի օր երևի...»։