«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը հրապարակել է «Հինգ քայլ դեպի փոփոխություն» վերտառությամբ հոդվածի չորրորդ՝ մասը:
«Քայլ չորրորդ՝ դուրս գալ պարտության թակարդից
Այսօր Հայաստանի սուր խնդիրն այն է, որ երկիրը չի մտնում հետպատերազմյան փուլ։ Սա շատ լուրջ ռիսկեր ունեցող վիճակ է։ Չի կարելի թողնել, որ պետությունը, ժողովուրդը մնան պատերազմի և պարտության տրամաբանության մեջ, դա կդեգրադացնի ամեն ինչ՝ բերելով անվերադարձ կորուստների։ Պետք է դուրս հանել հասարակությանը և պետական ինստիտուտները պատերազմի ու պարտության կետից։
Հետպատերազմյան փուլը լրիվ այլ տրամաբանություն է ենթադրում՝ ներքին փոփոխությունների մեծ ծավալի և որակի։ Առաջին հերթին՝ ներքին օրակարգի կտրուկ փոփոխություն ևստեղծված իրողություններում բացառիկ հաշվարկված և գրագետ քայլեր։
Ներքին արագ և խորքային վերափոխումները հնարավորություն կտան արտաքին նոր դաշնակիցներ կամ գոնե կարեկցողներ գտնել։ Հակառակ դեպքում մենք երկար շարունակելու ենք մնալ այն ստրատեգիական մենակության կետին, որը սկսվեց 2018-ից, և որը շարունակվում է առ այսօր։ Մենք պետք է հարցնենք ինքներս մեզ, և Հայաստանի հաջորդ իշխանությունը ժողովրդին պետք է բացատրի, թե ինչպես եղավ, որ որևէ պետություն չդատապարտեց Ադրբեջանին՝ պատերազմ սկսելու, հիվանդանոցներն ու ծննդատները ռմբակոծելու և մյուս հանցագործությունների համար,և չի դատապարտում առ այսօր Ադրբեջանի որևէ ոտնձգություն։
Հայաստանը պետք է մտնի հետպատերազմյան փուլ, որպեսզի վիճակը հանդարտեցնի, ձևակերպի իր խնդիրներն ու ծրագրերը և համառորեն աշխատի՝ այդ ծրագրերի իրականացման համար։ Այսօր բոլորը գիտեն, թե ինչ են ուզում մեզնից Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը, Իրանը, ԵՄ-ն, ԱՄՆ-ն , բայց ոչ ոք չգիտի, թե ինչ է ուզում Հայաստանը։ Սա զավեշտ է։ Չի արվել որևէ փորձ՝ նոր օրակարգ մշակելու։
Պետությունը պարտության բերած պատահական մարդիկ այսօր Հայաստանի առաջիկա տասնամյակների պատմություն են գրում, ու սա արվում է հայ ժողովրդի լռության պայմաններում։
Այս մարդկանց միակ խնդիրն իրենց իշխանությունն է, և նրանք բոլոր հարցերին նայում են միայն այդ տեսանկյունից։ Հենց այդ պատճառով հայ-ռուսական հարաբերություններ ասելով՝ նրանք հասկանում են լիկվիդացիոն գներով Ռուսաստանին տրվելը, հայ-թուրքական հարաբերություներ ասելով՝ էժան ապրանքն ու Էրդողանի բարեհաճությունը, Հայաստան-Արևմուտք հարաբերությունները նրանց համար Ռուսաստանին շանտաժ անելու գավառական պատկերացումներն են։ Այն, որ այս բոլոր ուղղությունները պահանջում են գրագետ, հաշվարկված աշխատանք, նրանց քիչ է հետաքրքրում։
Սա հնարավոր է միայն, երբ Հայաստանը մտնի հետպատերազմյան փուլ։
Դրան նաև ամեն կերպ խոչընդոտելու է Ալիևը, որովհետև դա իր «ամպային» փուլի ավարտն է դառնալու։ Հայաստանի պարտված-ստորացված վիճակը Ալիևի հաղթաթուղթն է՝ ներքին կայունության և սեփական իշխանության ամրապնդման համար։
Բայց նաև Հայաստանի այսօրվա իշխանությունը չի գնալու դրան, որովհետև շատ լավ հասկանում է, որ ինքը հետպատերազմյան փուլում անելիք չունի։ Նոր փուլը ենթադրում է նոր իշխանություն, որն, իհարկե, ինքնաբերաբար չի գալու, այլ՝ հստակ աշխատանքով։ Այսօր այդ աշխատանքը ենթադրում է իրական, ոչ ֆիկտիվ ոչիշխանական լուրջ համակարգեր ստեղծելը, ի դեմս որոնց հասարակությունը կտեսնի հաջորդ իշխանություն»։