Այլընտրանքային նախագծեր խումբը տարածել է խմբի փորձագետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի հոդվածը, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Մեր երկրում քովիդի դեմ պայքարը շարունակում է մնալ սիրողական մակարդակի:

Կանխարգելման համակարգերը գրեթե չեն գործում: Այս ուղղությամբ լուրջ քայլեր չեն արվում, իսկ արվողներն էլ կա´մ թերի են, կա´մ կոսմետիկ բնույթ են կրում:

Բարդ է քաղաքացիներին համոզել համավարակի սրման փաստում, եթե պետության կողմից հանրային տրանսպորտում չի երաշխավորվում համաճարակային անվտանգության որևէ նորմ: Լեփ լեցուն կանգառներ, լեփ լեցուն միկրոավտոբուսներ ու ավտոբուսներ։ Քաղաքացին ստանում է ուղիղ մեսիջ՝ խնդրին անլուրջ վերաբերվելու։ Արդյունքում քաղաքացին վերելակ նստելիս, տրանսպորտ նստելիս, խանութ մտնելիս, բազմամարդ հերթերում չի կրում դիմակ և չի պահպանում որևէ սոցիալական հեռավորություն։ Դա վարակի տարածման ամենապարարտ միջավայրն է։ Իսկ դա նշանակում է նոր հիվանդներ, նոր մահեր:

Դժվար է խոսել համավարակի լրջության մասին, եթե համայնքապետարանում հսկայական հերթեր են' գույքահարկի վճարման համար: Բազմաթիվ մարդիկ սպասում են գույքահարկ վճարելու իրենց հերթին: Սպասարկող աշխատակիցը երկար մատյաններում փնտրում է հարկատուին, հետո շատ երկար լրացնում է վճարման անդորրագիրը, մի մասը պատռում, վերադարձնում, հետո հարևան սենյակներում փնտրում վճարած գումարի մանրը, իսկ հերթը կուտակվում է և կուտակվում: Այս պայմաններում զավեշտալի է խոսել քովիդի կանխարգելման մասին:

Անկեղծ լինելու համար, նշենք նաև, որ ստեղծվել է գույքահարկի վճարման էլեկտրոնային միասնական համակարգ, որը թվում է, թե պետք է թեթևացներ խնդիրը: Բայց այստեղ պատուհաններից մեկում պահանջվում է լրացնել անշարժ գույքի կադաստրային ծածկագիրը, ինչը անշարժ գույքի հին վկայականներում չկա, իսկ նոր վկայական չունեն քաղաքացիների մեծամասնությունը: Փորձեք գույքահարկի ծածկագիր գտնել նախկինում ձեռքով լրացված վճարումների անդորրագրերում, անհույս է: Մանրո՞ւք է, միգուցե: Բայց սա նպաստում է հերթերի գոյացմանը, հետևաբար նաև քովիդի տարածմանը:

Քովիդի օրինակով մենք պարզ տեսնում ենք, որ պետությունը կազմակերպվածության այն մակարդակին չէ, որ կարողանա որևէ ոլորտում արդյունավետ ծրագիր իրականացնել»։