Միհրան Հակոբյանի ավտոմեքենայի տակ նռնակ նետելը պայմանավորված է վերջինիս վարած հասարակական-քաղաքական գործունեության հետ։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր Միհրան Հակոբյանը՝ ընդգծելով՝ փորձ է արվել իրեն վախեցնելու, լռեցնելու, ինչը չի ստացվելու։
Միհրան Հակոբյանը նաև հայտնեց, որ նռնակի պայթյունի հետևանքով վնասվել է տան դիմացի հատվածը և հարևանի ավտոմեքենան. «Իրավապահներն աշխատում են հանցագործին հայտնաբերելու ուղղությամբ»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Միհրան Հակոբյանի ավտոմեքենայի տակ նռնակ են նետվել։
Նշենք, որ, ըստ տեղում աշխատող ոստիկանների նախնական վարկածի, Միհրան Հակոբյանի մեքենայի վրա ոչ թե ձայնային, այլ հարավսլավական արտադրության մարտական նռնակ է նետվել: Ոստիկանությունից հայտնել են, որ դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
«Ավտոմեքենայի մեջ մարդ չի եղել։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժած անձինք չկան, հանգամանքները պարզվում են»,- ասել է Ջանոյանը։