ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կոչ է անում պաշտոնակատար անձանց գիտակցել, որ երկիրը գտնվում է ծանր վիճակում և այս ստեղծված իրավիճակում ցանկացած նախարարի պաշտոնակատարի հրաժարական սխալ է համարում:
Մարուքյանն այս մասին ասաց ԱԺ ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե ԱԳ նախարարի պաշտոնակատարի պաշտոնից հրաժարական ներկայացրած Արա Այվազյանի հետ կապված որևէ տարաձայնություն եղե՞լ է Անվտանգության խորհրդի նիստում:
«Ընդհանրապես խոսակցություն չի եղել իր հետ կապված: Այն հատվածը, որն իր հետ կապված էր, երբ վարչապետի պաշտոնակատարն ասում էր, որ ԱԳ նախարարին հանձնարարել է, ԱԳ նախարարն էլ գլխով էր անում, ուղիղ եթերում կա: Մնացած մասով որևէ բան չի եղել: Եվ ես զարմացած էի, որ հետո իմացա, որ հրաժարական է տվել»,-ասաց Մարուքյանը:
ԼՀԿ ղեկավարի կոչն ու ուղերձը պաշտոնատար անձանց հետևյալն է՝ պետք է գիտակցել, որ Հայաստանը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: «Ժամանակավոր պաշտոնակատարների կառավարությունը և սահմանադրաիրավական կարգավորումները թույլ չեն տալիս որևէ հրաժարական տված նախարարի փոխարեն նշանակել նոր նախարար: Եվ նախարարի հրաժարականը, և ցանկացած այլ նախարարի հրաժարականն այս իրավիճակում մեր երկիրը կարող է դնել շատ բարդ վիճակում»,-ասաց Մարուքյանը:
Նա կարծում է, որ ճիշտը հանրապետությանը ծառայել շարունակելն է, ոչ թե ամենածանր պահին դուրս գալ և այդ բեռը թողնել օդում: «Այսօր Հայաստանը Պաշտպանության նախարարությունից ավելի շատ կարիք ունի Արտաքին գործերի նախարարության՝դիվանագիտական հզոր ճակատի»,- ասաց ԼՀԿ ղեկավարը:
Արա Այվազյանի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին հայտնի էր դարձել մայիսի 28-ին: