ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը գրել է․
«Երևանից դուրս կյանքի մասին
Մի քանի օր անցկացրի մարզերում՝ հանդիպելով ընտրողների հետ: Արդեն երեք տարի է, հասկանալի պատճառներով, հնարավորություն չեմ ունեցել ուղղակիորեն շփվել մարզերում մեր հայրենակիցների հետ: Մի քանի դիտարկում:
1. Մարզերում կյանքի որակն ամեն օր վատթարանում է: Ամեն ինչ ընթանում է ինքնահոսով: Պետության ներկայությունը զգացվում է միայն ուժային կառույցների աշխատանքում:
2. Գյուղերն ամեն օր դատարկվում են: Որոշ շրջաններում տեղի ունեցավ բնակչության զանգվածային արտահոսք այս տարվա փետրվարի 1-ին՝ Ռուսաստանի սահմանների բացումից հետո: Շատերը հեռանում են ընտանիքներով:
3. Մարզերում բնակչությունը հիմնականում գտնվում է իշխանությունների տեղեկատվական տեռորի տակ: Մեծամասնությունը, երկրի զարգացման հրատապ խնդիրները, զանգվածային միգրացիայի պատճառները, գերիների հարցը և իրավիճակը սահմանին քննարկելու փոխարեն քննարկում են անցյալի թեմաներ, որոնք իշխանությունները տարածում են՝ ուշադրությունը շեղելու համար:
4. Զգացմունքները գերակշռում են բանականության, տրամաբանության համեմատ: Բնակչությունն արագորեն աղքատանում է, մինչդեռ ամեն ինչում մեղավոր են նախկինները:
5. Երկիրը բաժանված է երկու մասի. Ադրբեջանին սահմանակից շրջաններն ավելի սթափ են գնահատում ռիսկերը և դրանց զարգացման նոր հնարավոր հետևանքները: Այլ մարզերում և Երևանում ապագայի հանդեպ տագնապի զգացումը դեռ մակերեսային է:
6. Հայաստանի իշխանությունների վերաբերյալ իրենց գաղափարների բացահայտ արտահայտման վախը գերակշռում է ամենուր. շատերը խուսափում են ընդդիմության հետ համագործակցելուց, քանի որ վրեժխնդրություն է սպասվում:
7. Իշխանությունները բացահայտ շանտաժի են ենթարկում համայնքների ղեկավարներին և բիզնեսի ներկայացուցիչներին: Նոր քրեական գործեր են հարուցվում: Բոլորից պահանջվում է ենթարկվել իշխանությունների կամքին: Սա կոչվում է՝ իրական ժողովրդավարություն գործողության մեջ ...
8. Բայց կա մի շատ հետաքրքիր միտում, որն արտահայտվում է հիմնականում երիտասարդների մոտ։ Նրանք աչքիդ առաջ սկսում են հայտնաբերել նոր ճշմարտություններ՝ իրենց երկրի ոչ վաղ անցյալի մասին ու սկսում են տալ հարցեր, որոնք 14 տարի կոնսերվացված էին։ Օրինակ՝ ինչպե՞ս երկրաշարժից հետո վերականգնվեց Սպիտակ քաղաքը, կամ աղետի գոտու մյուս բնակավայրերը, ինչպե՞ս է կառուցվել Դիլիջանի թունելը, ինչպե՞ս է ստեղծվել Թումոն, ինչպես է կառուցվել նոր օդանավակայանը, ինչպե՞ս են կառուցվել բազմաթիվ նոր ճանապարհներ և հանգույցներ, զարգացել գյուղատնտեսությունն ու արդյունաբերությունը: Երիտասարդ սերունդը նոր է սկսում տալ այդ հարցերն ու թերևս առաջին անգամ լսում, որ դրանք կառուցվել են Քոչարյանի նախագահության տարիներին։
Եվ նրանք սկսում են համեմատել, օրինակ, որ Նիկոլը երեք տարվա ընթացքում հավաքեց երեք միլիարդ դոլար պետական պարտք, որի արտահայտումը իրենց կյանքում զրոյական է: Հռետորական հարց. Որտե՞ղ է Նիկոլի պարտքով վերցրած երեք միլիարդ դոլարը:
9. Մենք պետք է հասկանանք, որ բախվում ենք ոչ այնքան արտահերթ ընտրությունների, որքան՝ արտակարգ, և կանգնած ենք արտակարգ ղեկավար ընտրելու անհրաժեշտության առջև, որը կկարողանա վերականգնել կարգը երկրում, արժանապատիվ երկխոսության մեջ մտնել հարևանների հետ և ապահովել երկարաժամկետ խաղաղություն:
10. Ես ուզում եմ հավաստիացնել, որ նոր իշխանությունների ներքո երկրի վերականգնումն ու զարգացումը կընթանան ավելի ինտենսիվ, քանի որ պետությունը կլինի կոմպետենտ, իմաստուն և հայրենասեր մարդկանց ձեռքում:
Առա՜ջ, դեպի ուժեղ Հայաստան»։