Բանակցությունները, որպես այդպիսին, այլևս ակտուալ չեն, քանի որ պարզ դարձավ, որ ինչ-որ փաստաթուղթ կա, որը պատրաստվում են ստորագրել և արդեն, ըստ էության, բանակցություներ էլ չեն կայանալու: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com -ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:
Նա ընդգծեց, որ այդ փաստաթղթի ստորագրումից է կախված հետագա գործողությունների ընթացքը. «Կարծում եմ, որ մենք նոր փուլ ենք թևակոխում և, ցավոք սրտի, պետք է ասեմ, որ ՀՀ-ն նոր տարածքային կորուստներ կարող է ունենալ այդ փաստաթղթով: Այս 3-4 կմ խորացումը այդ կորուստների դիմաց կարող է ոչինչ թվալ»,- նշեց ռազմական փորձագետը՝ հավելելով, որ իր համար տարօրինակ է, թե մինչև այս ինչու այդ փաստաթուղթը ամբողջովին չի գաղտնազերծվել, նա այստեղ միտում տեսավ. «Այն, որ փաստաթուղթը չի գաղտնազերծվում, վկայում է այն մասին, որ մեր օգտին չէ, որքան էլ, որ փորձում են հավաստիացնել հակառակը»,- ասաց Կարեն Հովհաննիսյանը:
Վերջինս բացառեց մոտ ժամանակներս պատերազմի սկսելը. «Եթե փաստաթուղթը կա, կարծես թե, այլևս ռազմական գործողություններ չեն լինի, սակայն այդ չլինելն էլ ևս ժամանակավորապես է լինելու: Ադրբեջանը, ի դեմս Թուրքիայի, անընդհատ նոր պահանջներ է առաջ քաշելու, նրանք փորձելու են հասնել նրան, որ ցամաքային կապ ունենան Նախիջևանի հետ: Միգուցե, այն, ինչ հիմա կասեմ, դա այդքան էլ մարդկանց ականջներին սովոր հայտարարություն չլինի, բայց հնարավոր է՝ Ադրբեջանը նույնիսկ ներկայացնի այնպիսի պահանջ, ինչպիսին օրինակ բնակավայրերի անվանափոխումն է»,-ասաց նա:
Ռազմական փորձագետը խոսեց նաև երեկ համացանցում լայն տարածում ստացած հայ և ադրբեջանցի զինվորների մասնակցությամբ խայտառակ տեսանյութի վերաբերյալ, որը, ըստ նրա, հատուկ նպատակով էր տեսանկարահանվել և տարածվել. «Փորձ է արվում հասարակությանը ցույց տալ, որ մենք բանակ չունենք, որ այն շատ թույլ է, որ մենք չենք կարող մեր սահմանները պաշտպանել, որ ռուսը, ֆրանսիացին, ամերիկացին մեզ հետ չեն, որ մենք աշխարհում մենակ ենք մնացել և դրա համար պետք է գնանք զիջումների: Ես այդ տեսանյութում այս ենթատեքստն եմ տեսնում»,- նշեց Կարեն Հովհաննիսյանը:
Նա նաև դիտավորություն համարեց այն, որ սահմանները պատերազմից հետո ներկա իշխանությունների կողմից չէին կահավորվել. «Կարևորագույն ռամավարական նշանակություն ունեցող բարձրունքները թողնել բարձիթողի վիճակում և չմտածել դրա մասին, դա չի խոսում ոչ հեռատես լինելու և ոչ էլ անգրագետ լինելու մասին. այստեղ ևս այլ բան կա»,- պարզաբանեց փորձագետը՝ ընդգծելով, որ սահմանները կարող էին կահավորվել անգամ մեկ ամսվա ընթացքում:
Մեր այն հարցին, թե եթե ադրբեջանցի զինվորների կողմից սանձազերծված գործողությունները ժամանակին կանգնեցվեին, օրինակ գերի վերցնեին կամ համապատասխան գորոծողությունների դիմեին, արդյոք իրավիճակը կլիներ այն, ինչ որ կա, Կարեն Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես հարցին հարցով պատասխանեմ, իսկ ի՞նչ գիտեք, որ գերի չենք վերցրել և համապատասխան գործողություններ տեղի չեն ունեցել, շատ փակագծեր չբացեմ էլ...»,- եզրափակեց ռազմական փորձագետը:
Զվարթ Պետրոսյան