Ուղիղ 27 տարի առաջ՝ այս օրը, ինքնապաշտպանության ուժերն ազատագրեցին շուրջ երկու տարի հակառակորդի վերահսկողության տակ հայտնված Սեյսուլան հայկական բնակավայրը: Դա Արցախյան առաջին պատերազմի վերջին ճակատամարտն էր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Պաշտպանության բանակի մամուլի նախկին խոսնակ, գնդապետ Սենոր Հասրաթյանը:
«Տրածաշրջանային ընթացիկ և աշխարհաքաղաքական զարգացումները գնալով, ավելի տեսանելի են դարձնում, որ բոլոր նրանք, ովքեր, թեկուզ չափավոր լավատեսությամբ էին վերաբերում փոխզիջման անհրաժեշտությանը, ևս մի քիչ, և կհամոզվեն, որ դա ոչ այլ ինչ էր, քան արդեն կրակոցով կամ առանց կրակոցի կորցրածին հավելել մեզ պարտադրված նոր ու ավելի ցավալի զիջումներ»:
Հասրաթյանը պարզաբանել է, որ խոսքն այն մասին չէ, ինչ այսօր մենք տեսնում ենք, հեռանկարում ուրվագծվող աշխարհաքաղաքական ավելի մեծ զարգացումների և դրանց արդյունքում ավանդական թշնամու հետ կողք-կողքի խաղաղ ու ներդաշնակ ապրելու դիմաց վճարվելիք գնի մասին է:
«Որքան էլ դժվար, բայց այս կործանիչ անկումը կանգնեցնելու միակ տարբերակը ոգևորության մեջ հայտնված հակառակորդի «ախորժակը» զսպելն է: Իսկ, թե ինչպես է դա հնարավոր անել, կարող է հայտնի լինել միայն հաղթող առաջնորդին և ոչ երբեք երկիրն անորոշության տանող պարտված պատահականությանը»,-ընդգծել է գնդապետը: