Հայտնի հեռուստալրագրող Վարդան Օնանյանը, որ Արցախի վերջին պատերազմում վիրավորվել էր ու ամիսներ շարունակ հիվանդանոցում էր, ֆեյսբուքում գրել է.
«Էրեբունի» հիվանդանոցում Շահենի հարևանն էի, նրա և իմ հիվանդասենյակները մեկ ընդհանուր նախասրահ ունեին, մեկ ընդհանուր սառնարան, լվացարան, սանհանգույց:
Երբ վիրահատարանից ինձ բերել էին պալատ, ներս մտավ Շահենը, ներս մտավ՝ մի կերպ քայլելով, ներս մտավ՝ դժվարությամբ, ներս մտավ՝ ժպիտով:
Եթե բառ էլ չասեր, պարզ էր՝ զինվոր է, հայրենիք պահող հայորդի:
Հետո իմացա. Գեղարքունիքի Մարտունի քաղաքից է, ալաշկերտցու թոռ, իմացա՝ ուսանող է, բժկականի երրորդ կուրսում է, իմացա՝ ծառայել է որպես բուժակ Մատաղիսի գնդում, պիտի 2021-ի հունվարին զորացրվեր, շարունակեր ուսումը, դառնար լավ բժիշկ:
Լավ բժիշկ, իհարկե, դառնալու է:
Նա լավ ու նվիրյալ բժիշկ էր արդեն մարտադաշտում:
Հետո իմացա, որ բազմաթիվ տղաների է օգնել, առաջին օգնություն ցույց տվել, արյունահոսություն կանգնեցրել, վտանգելով կյանքը՝ հեռացրել մարտադաշտից, հեռացրել ու վերադարձել կռվելու:
Գրեթե ամբողջ պատերազմը…
Շահենը չորս քրոջ կրտսեր եղբայրն է, հոր խոսքերով՝ բամբակի մեջ մեծացած:
Իսկ ո՞վ է ասել, որ բամբակի մեջ մեծացած տղան չի կարող քաջ ու արի լինել:
Վերջին օրերին Շուշիի կողմերում են եղել: Վիրավորվել է, խնդրել են հեռանալ՝ մերժել է ու շարունակել կռվել, կռվել ու ընկերներին օգնել:
Վերջին պայթյունն ահավոր էր. ոտքը փշրած, որովայնը պատռած: Որպես ապագա բժիշկ հասկացել է, որ ապրելու հնարավորությունը զրոյին մոտ է: Օգնելու պատրաստ ընկերներին հրահանգել է հեռանալ, հրահանգել է իր վրա ուշադրություն չդարձնել, ժամանակ չկորցնել:
-Չէ, Շահեն, չի լինի, կմնամ, կմեռնեմ, բայց քեզ կհանեմ մարտադաշտից, դու մեկ ամիս առաջ իմ կյանքը փրկել ես,- ասել է տղերքից մեկն ու փրկել Շահենին:
15-ից ավել վիրահատության է ենթարկվել Շահենը՝ բարդ վիրահատության: Ու դեռ քանիսը կլինեն:
Շահենը կապաքինվի, Շահենը բժիշկ կդառնա:
Երբ տանում էին հերթականին, դուռս բաց էր, թեքվեցի՝ ինձ ձեռքով էր անում.
-Շահեն ջան. պինդ, ամուր, առողջ,-մաղթեցի:
Ժպտաց, բարձրացրեց բռունցքված ձեռքն ու բութը վեր տնկեց:
Երբ դուրս էի գրվում հիվանդանոցից, մտա հրաժեշտ տալու:
-Շահեն ջան, լավ է լինելու, դեռ վերադառնալու ենք Մատաղիս, Շուշի, Արցախ: