Տարբեր տեղերից ինֆորմացիա ենք ստանում, որ բավարարվել է Օնիկ Գասպարյանի գործով հայցի ապահովման միջոցի միջնորդությունը, որոշումը գնացել է հարկադիր, բայց քանի դեռ չունեմ փաստաթուղթը չեմ կարող հաստատել: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Օնիկ Գասպարյանի պաշտպան Արթուր Հովհաննիսյանը՝ նշելով, որ այսօր պաշտոնապես ստացել են վարույթ ընդունելու մասին որոշումը, բայց հայցի ապահովման վերաբերյալ որոշում առձեռն չեն ստացել, հետևաբար լուրը պաշտոնապես հաստատել չի կարող:

«Առավոտյան գնալու եմ դատարան, եթե նման որոշում լինի՝ պաշտոնապես կստանամ»,- ասաց նա:

Հարցին՝ եթե տեղեկությունը ճիշտ լինի, կնշանակի, որ Օնիկ Գասպարյանը շարունակո՞ւմ է պաշտոնավարել՝ փաստաբանը պատասխանեց. «Այո, եթե հայցի ապահովումը դատարանը բավարարած լինի, պարոն Գասպարյանը շարունակելու է պաշտոնավարել որպես Գլխավոր շտաբի պետ մինչև վերջնական դատական ակտի կատարումը, եթե իհարկե, ընթացքում մյուս կողմը չմիջնորդի հայցի ապահովումը վերացնել և դատարանը չքննի ու միջնորդությունը չբավարարի հայցի ապահովման վերացման»,- նշեց Հովհաննիսյանը: