ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն արտահերթ խորհրդարանական ընտրությունների առնչությամբ արված իր առաջարկի համար սպասում է վարչապետ Փաշինյանի արձագանքին՝ շեշտելով երկիրն այս իրավիճակից դուրս հանելու համար պատրաստ է զիջումների, սակայն միակողմանի զիջումների պատրաստ չէ: Մարուքյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:
Մարուքյանն իր առաջարկի վերաբերյալ իշխանական պատգամավորների արձագանքները պաշտոնական չի համարվում, նա սպասում է Նիկոլ Փաշինյանի առաջարկին: «Խնդիրը հիմա այնքան է սրված, որ եթե անգամ Օնիկ Գասպարյանի հետ կապված հրամանագիրը ստորագրվի էլ, խնդիրը չի կարգավորվելու: Իմ առաջարկը հետևյալն է՝ բանակին եկեք հանգիստ թողեք, մի քաղաքականացրեք, թողեք, թող զբաղվեն բանակը վերականգնելու գործով, մենք քաղաքական գործիչներով գնում ենք արտահերթ ընտրությունների, և ժողովուրդը թող որոշի, թե ով է լինելու երկրի ղեկավարը»,-ասաց Մարուքյանը:
Ըստ ԼՀԿ ղեկավարի՝ իշխանությունն արտահերթ ընտրություն չի ուզում անել, քանի որ գիտի, որ պարտվելու է: «Եթե իշխանությունն ուզում է արտահերթ ընտրություն անել, իր ձեռքում է, կարող է ամեն րոպե ցրել խորհրդարանը: Եթե մտավախություն ունի, որ ընդդիմությունը կարող է առաջադրվել (Փաշինյանի հրաժարականի դեպքում ընդդիմությունը առաջադրի վարչապետի թեկնածուին-խմբ.), ասում ենք՝ չենք առաջադրվում, ցրեք այս խորհրդարանը: Եթե այս պայմաններին իրենք բավարարեն, չենք առաջադրվի»,-ասաց նա ու հավելեց, որ իր առաջարկն ուժի մեջ է:
Միևնույն ժամանակ Մարուքյանը վստահեցրեց, որ իրենք ցանկացած կոմպրոմիսի գնացող են: «Ցանկացած կոմպրոմիսի պատրաստ ենք, ցրեք խորհրդարանը, գնանք ընտրության: Գնացեք Նիկոլ Փաշինյանին ասեք՝ Էդմոն Մարուքյանը ցանկացած կոմպրոմիսի պատրաստ է, ցրեք խորհրդարանը, ինչ ինքը ուզենա, պատրաստ ենք: Պատրաստ ենք ցանկացած հուշագրի ստորագրման»,-ասաց նա:
Նա, սակայն, նշեց, որ իշխանության փաստարկները պատրվակներ են, իշխանությունն առանց նախապայմանների չի ցրի խորհրդարանը: Մարուքյանը հավելեց. «Ես սպասում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը: Այս առաջարկը ես եմ ներկայացրել, պետք է արձագանքի Փաշինյանը: Առաջարկը Փաշինյանի թիմի անդամին չի ուղղված»:
Անդրադառնալով հարցին՝ եթե Փաշինյանը հանդիպման հրավեր անի, պատրաս՞տ է իր առաջարկից ինչ-որ զիջումների՝ Մարուքյանն ասաց. «Ես պատրաստ եմ ցանկացած կոնսուլտացիաների: Ես պատրաստ եմ զիջումների՝ երկիրն այս վիճակից հանելու համար: Ես պատրաստ չեմ միակողմանի զիջումների: Իշխանությունը պետք է զիջումների գնա, որ երկիրն այս վիճակից դուրս գա: Ոչ մի ընդդիմադիր ուժ չի կարող երկիրն իր զիջումներով այս իրավիճակից դուրս հանել»:
Էդմոն Մարուքյանն ավելի վաղ առաջարկել էր՝ եթե Նիկոլ Փաշինյանը պաշտոնից չազատի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին և պաշտոնում վերականգնի ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին, ԼՀԿ-ն իշխանության հետ հուշագիր կստորագրի արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: