Դեռ որքա՞ն ժամանակ ենք փնտրելու ճշմարտությունը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Երեկ երեկոյան եթեր հեռարձակված Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի ժամանակ նա հայտարարեց. «Պետք է հասկանանք պարտության խորքային ծագումնաբանությունը։ (…) Եթե սա պարտություն է, որը ծագել է 2 տարվա կամ 2 ամսվա ընթացքում, եկեք արձանագրենք եւ ապացուցենք դա»։
Նույն հարցազրույցում Փաշինյանը նշեց. «Իսկ ինչու՞ կրակած իսկանդերը չի պայթել։ Կամ պայթել է 10%-ով»։ Այնուհետեւ հարցազրույցը վարող Նվեր Մնացականյանի հարցին, թե այդպե՞ս են ասում, նա ասում է. «Չգիտեմ։»։
Հարց է առաջանում, թե այս դեպքում ինչո՞ւ է իշխանությունը դեմ պարիտետային փաստահավաք հանձնաժողովի ստեղծմանը, եթե ինքն է ամենաբարձր մակարդակով հարցականի տակ առնում բազմաթիվ կարեւոր հարցեր, այդ թվում՝ սպառազինության հարցը։
Գործող եւ նախկին իշխանության ներկայացուցիչները, պաշտպանության եւ անվտանգության ոլորտի գործող եւ նախկին ներկայացուցիչները, դաշտային հրամանատարները եւ մյուսները շարունակելու են հարցազրույցնե՞ր տալ պատերազմի վերաբերյալ, թե՞ ի վերջո հասկանալու են պարիտետային փաստահավաք հանձնաժողովի կարեւորությունն ու քաղաքական կամք են դրսեւորելու այն ստեղծելու եւ բոլորին հուզող հարցերի պատասխանները տալու համար»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Մարուքյանը