Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից.
«Հայաստանը գոյաբանական մեծ մարտահրավերի առաջ է:
Մարդու վիճակին վերաբերվող ցանկացած ցուցանիշով տարիներ շարունակ հատկապես վերջին տարիներին անկման ենք գնում:
Սրան զուգահեռ այս պահին ունենք զրո կարողություն դիմակայելու արտաքին մարտահրավերները՝ լինի դա նոր համավարակի տեսքով, թե պատերազմի:
Սրա միակ պատճառը անգրագիտությունն է՝ տգիտությունը: Բացարձակ տգետների իշխանությունն է, որ Հայաստանը մեզ այս վիճակի մեջ գցեց: Կուզեք դրանց անվանեք դավաճաններ, ստահակներ կամ ազգադավեր, սակայն իրական պատճառը տգիտությունն է:
Տարիներ շարունակ տգիտությունը ծաղկել է երկրում, մարդկանց դիտավորյալ՝ կառավարելի դարձնելու նպատակով, մանիպուլացրել են, ստել են նրանց, զուրկ են պահել նրանց գիտելիքից: Արդյունքում մարգինալ, կոռումպացված և կիսագրագետ կառավարմանը փոխարինեց բացարձակ տգիտությունը:
Աղետը նրանում է, որ սա համատարած բնույթ է կրում: Երկրի համար պատասխանատվություն ստանձնելու պատրաստակամություն հայտնող և ոչ մի խմբակ՝ լինի նախաձեռնության
թե կուսակցության, թե որևէ այլ խմբավորման տեսքով չունի մինիմալ գիտելիքներ երկիրը կառավարելու, էլ չեմ ասում այս վիճակից հանելու համար:
Իմ համոզմունքն է, որ տգետների իշխանությունից ազատվել է պետք: Սակայն, եթե սրանց փոխարինեցին այլ դեմքով տգետներ, պետության և մեր տեսակի անկումը չի դադարելու: Սա է իմ ամենօրյա մտահոգության և անհնագստության առարկան: Չեմ տեսնում դրական պրոցեսներ, չեմ տեսնում այն մարդկանց, որոնք գիտեն, թե ինչ են անելու:
Իմ թշնամին տգիտությունն է, ում դեմքով էլ դա լինի, չեմ հանդուրժելու: Առավել վտանգավոր են բարձրագույն կրթությամբ տգետները, որոնց տեսակարար կշիռն ավելի մեծ է, քան ուսում չառած անկիրթներինը: Ես տգիտության հետ չեմ կարող համակերպվել, լինի դա առողջարանում հանք բացելու տեսքով, պատերազմում երկիրը տանուլ տված ղեկավարի, բութ և որկրամոլ լրագրողի, թե միաբջիջ, սակայն իմաստուն ձևացող նորաթուխ քաղաքական դերակատարի:
Չեմ կարողանում լռել, երբ երկիրն ու մեր սերուդների ապագան վատնում են մեր աչքի առաջ: Մերն արդեն վատնել են»: