Զառա Մարգարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
 
«Հիշում եք մի օր` անկեղծացած, խոստովանեցիք, որ շատ տարիներ առաջ՝ երբ առաջին անգամ Նիկոլ Փաշինյանի թերթում Ձեր երեխայի մասին սուտ լուր տպագրվեց՝ «ոսկե սոսկայի» մասին, որոշեցիք, որ պետք է կանխել հետագայում Ձեր ընտանիքի հանդեպ հարձակումները և գործարքի գնացիք Նիկոլ Փաշինյանի հետ՝ նրան վճարելով Ձեր ընտանիքի անդորրն ապահովելու համար։ Շատ մարդկային խոստովանություն էր՝ հասկանալի ու ըմբռնելի։ Այնպես, ինչպես հասկանալի ու ընդունելի էր հանրային դեմքի զղջումը, որ ստվերային գործարքի է գնացել, զիջել ռեկետին և վճարել է լռության դիմաց:
Հիմա գանք մեր օրեր ու տեսնենք, թե ինչ են անում Ձեր շրջապատի մարդիկ, գուցե՝ Ձեր կողմից վճարվող, գուցե՝ Ձեր կողմից խրախուսվող։ Պարզ է, որ հայտնի ֆեյքը, ում դեմ իշխանությունը որս է սկսել, եթե անգամ կապված չէ այն անձանց հետ, որոնք այսօր մեղադրվում են ու ձերբակալվում, ամեն դեպքում կապ ունի Ձեզ հետ։ Ու առնվազն տարօրինակ է, որ ժամանակին իր ընտանիքի անդորրն այդքան գնահատած, հանուն իր ընտանիքի հակաօրինական, իրեն վնասող գործարքի գնացած անձը, թույլ է տալիս (գուցե՝ ի՞նքն է կարգադրում), որ իր անվան հետ կապվող ֆեյքը ուրիշների կանանց (կոնկրետ այս դեպքում՝ 6 ամսվա հղի կնոջ) ու մայրերի հասցեին լկտի հայհոյանքներ ու զրպարտող գրառումներ անի։ Անգամ եթե այդ կինն ու մայրը Ձեր քաղաքական հակառակորդի կինն ու մայրն են, Դուք պետք է թույլ չտայիք դա անել՝ հիշելով «ոսկե սոսկայի» պատմությունը եւ հասկանալով, որ քաղաքականությունն ու ընտանիքը տարբեր բաներ են։ Քաղաքական պայքարը անբարոյական մեթոդներով չեն վարում՝ դա վայել չէ քաղաքակիրթ ու գրագետ մարդկանց, դա իջեցնում է առաջին հերթին նման մեթոդներ կիրառողին»։