Գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Սիլ կոնցեռը» գնել է վառելիքի ներմուծմամբ ու վաճառքով զբաղվող RAN oil ընկերությունը։ Տեղեկությունը հաստատել է «Սիլ կոնցեռնի» մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը։

Այս առնչությամբ նա իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Լրատվամիջոցների հարցերին ի պատասխան՝ հայտնում եմ, որ «ՍԻԼ կոնցեռն» ընկերությունը ձեռք է բերել «ՌԱՆ ՕԻԼ» ընկերությունը: Բոլոր նրանց, ովքեր տեղյակ չեն, պետք է հիշեցնել, որ Հայաստանը շուկայական երկիր է, և յուրաքանչյուր ոք կարող է զբաղվել բիզնես գործունեությամբ, ուզում եմ ևս մեկ անգամ հիշեցնել, որ «ՍԻԼ կոնցեռնը» Հայաստանում զբաղվում է բիզնես գործունեությամբ և ՀՀ օրենսդրությամբ իրավունք ունի ձեռք բերել, հիմնել և զբաղվել տարատեսակ բիզնեսներով՝ այդ թվում վառելիքի ներկրմամբ, առքով և վաճառքով: Ինչ վերաբերում է մենաշնորհ հաստատելուն, պետք է հատուկ արձանագրել, որ շուկայում ոչ թե մենաշնորհ է ստեղծվում, այլ հակառակը՝ ստեղծվում է մրցակցություն, որից կարող են օգտվել ՀՀ քաղաքացիները՝ ստանալով ավելի լավ որակի վառելիք` ավելի մատչելի գնով։

Տնտեսության զարգացումը մրցակցության արդյունքում է լինում, այլ ոչ նախկին տարիների նման` ստեղծված և քարացած մենաշնորհների: Հասկանալի է, որ այս շուկայում ստեղծվող մրցակցությունից կարող են նեղսրտել տարիներ շարունակ գերշահույթներ ստացած մոնոպոլները: Քաղաքական մանիպուլյացիաներ պարունակող հերյուրանքներին անդրադառնալու կարիք չեմ տեսնում, որովհետև մեր հասարակությունը վաղուց արդեն գիտի որն է իրականությունը, որը` սուտը»,-գրել է նա։

 
 
 

Հիշեցնենք, որ  Mediaport տելեգրամյան ալիքն այսօր տեղեկություն էր տարածել, որ  Խաչատուր Սուքիասյանը գնել է RAN oil-ը և «տեռորի» միջոցով մենաշնորհ է հաստատում բենզինի շուկայում։

«Mediaport-ի տեղեկություններով՝ Սուքիասյանի պահանջով՝ ՊԵԿ-ն ու ԱԱԾ-ն սուգումներով և տուգանքներով բառացիորեն տեռորի են ենթարկում վառելիքի վաճառքով զբաղվող մյուս ընկերություններին, ինչպես նաև վերջինս ավելի խոշոր գումար է առաջարկում մրցակից ընկերությունների բենզալցակայանների տարածքների սեփականատերերին՝ մրցակիցներին շուկայից դուրս մղելու և քաղաքի բանուկ հատվածներում սեփական բենզալցակայանները հիմնելու համար»,-ասված էր ալիքի տարածած տեղեկության մեջ։