06:27
««Իմ քայլի» հայտարարությունը ծայրահեղ վտանգավոր իրավիճակում դրեց առաջին հերթին Փաշինյանին». Ղազինյան

«Ու՞մ էր պետք արտահերթ խորհրդարանական ընտրությունները և ո՞վքեր ու ի՞նչ նպատակով տապալեցին այս օրակարգը.

Մաս առաջին:

Խորապես համոզված եմ, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու հարցում շահագրգռված էր միայն Նիկոլ Փաշինյանը, իսկ դեմ էին գործող խորհրդարանում խիստ պատահական հայտնված բոլոր խորհրդարանական քաղաքական ուժերը, «անկախ» պատգամավորները:

Սկսենք իշխանական «Իմ քայլը» խմբակցությունից:

«Իմ քայլը» խմբակցությունը ԱԺ-ում ունի 85 կամ 86 պատգամավոր, ավելի ճիշտ՝ ուսապարկ, ում իր ուսերի վրա խորհրդարան է բերել անձամբ Նիկոլ Փաշինյանը: Նրանց համար ՀՀ ԱԺ պատգամավորի պաշտոնը անհասանելի երազանք էր, քանի որ նրանք շատ լավ գիտեին, որ չունեին ԱԺ պատգամավոր դառնալու համար գեթ 1 արժանիք:

Ինչևէ, ստացվեց այնպես, որ երբեմնի թափառական փողոցային ակտիվիստները, որոնք տարբեր օտարերկրյա հիմնադրամների դռների տակ կուչ եկած փող էին մուրում փողոցում պառկելու համար, հիմա փողկապներով նստած են ԱԺ-ում, ստանում են բարձր աշխատավարձ և պարգևավճարներ, հարկատուների հաշվին օգտվում ծառայողական մեքենաներից, քարտուղարուհիների ծառայություններից, մեր հաշվին մեկնում գործուղումների, ընդուպ պատերազմի օրերին Արցախ:

Բայց ունեին առաջնային մանդատ, ինչի գիտակցումը նրանք չունեին մինչև վերջերս, քանի որ իրենց համարում էին Նիկոլ Փաշինյանի ուսապարկ և իրենց անգրագիտության ուժով նրան համարում էին իշխանության առաջնային մանդատի կրող:

Արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին Նիկոլ Փաշինյանի որոշումը, ինքնապահպանման կենդանական բնազդի ուժով, ստիպեց երբեմնի ուսապարկերին խորապես մտահոգվել ԱԺ պատգամավորի աթոռից փողոցում պառկած վիճակի վերադառնալու անխուսափելի հեռանկարից և, ելնելով դրանից, ստիպեց առաջին անգամ ընդդիմանալ իրենց հոգևոր հովիվի՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշմանը:

Չնայած իրենց անսահման տգիտությանը, նրանք քաջ գիտակցում էին, որ արտահերթ ընտրությունների արդյունքում զրկվելու են իշխանությունից, իսկ որպես ընդդիմություն խորհրդարանում հայտնվելու էին լավագույն ղեպքում 10-ից 15 ուսապարկեր: Իսկ եթե սրան գումարենք անխուսափելի քրեական պատասխանատվությունը՝ պետության դեմ գործած ծանրագույն հանցանքների համար և բանտում հայտնվելու հեռանկարը, ապա նրանք ՈՉ ՄԻ ՊԱՏՃԱՌ չունեին Նիկոլ Փաշինյանի «խաթեր համար» իշխանությունից ինքնակամ հրաժարվելու համար, և ըստ ամենայնի, գերադասեցին պայմանավորվել ընդդիմության հետ՝ պատգամավորի իրենց պաշտոնն ու պարգևավճարները գոնե մեկ տարով երկարացնելու նպատակով:

Երեկվա «Իմ քայլի» հայտարարությունը, որով արգելափակվեց Փաշինյանի արտահերթ ընտրություններ անցկացնելու օրակարգը, ծայրահեղ վտանգավոր իրավիճակում դրեց առաջին հերթին իրեն՝ Նիկոլ Փաշինյանին, քանի որ ոչ ոք ավելի լավ չի պատկերացնում ու գիտակցում իշխանության անխուսափելի կործանման հեռանկարը և դրա աղետալի հեևանքները նախ իր, իր ընտանիքի, ապա նաև պետության համար, քան ինքը՝ Նիկոլ Փաշինյանը:

Արտահերթ ընտրությունները Նիկոլը տեսնում էր որպես իր համար հարմար ապագա իշխանություն ձևավորելու և այդ իշխանության հետ պայմանավորվելու եզակի հնարավորություն, ինչից նրան զրկեցին իր իսկ ուսերի վրա խորհրդարան բերած ուսապարկերը:

Շարունակելի…»

 

Առաջարկում ենք նաև
Ամենադիտված
Լրահոս