Հունվարի 19-ին Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատում բանավոր հարցեր են հնչել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ, որտեղ լորդերը հանդես են եկել՝ ի պաշտպանություն Արցախի՝ դեմ արտահայտվելով Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպանությանը, մշակույթի օբյեկտների ոչնչացումներին,  ռազմական հանցագործություններին, ռազմագերիների դեմ բռնությանը և այլն: Այս մասին հաղորդում է Tert.am-ը` վկայակոչելով Մեծ Բրիտանիայի Հայ դատի հանձնախմբի տարածած հաղորդագրությանը:

Առաջին հերթին, ի պաշտպանություն Արցախի, հանդես է եկել հայ ժողովրդի մեծ բարեկամ՝ բարոնուհի Քերոլայն Քոքսը:

«Գիտեք արդյո՞ք, որ չնայած հրադադարի ռեժիմին, դեռ կան հաղորդումներ ադրբեջանական ուժերի կողմից հայ ռազմական և քաղաքացիական գերիների դեմ կատարվող վայրագությունների մասին:

Իմ այցի ընթացքում և դրանից հետո ես տեսել եմ խեղումների, խոշտանգումների և սպանությունների տեսանյութեր և լուսանկարներ. այնտեղ հայերի գլխատումներ են իրականացվում: Լսել եմ, թե ինչպես են ադրբեջանցիները գերիներից վերցնում հեռախոսները, նկարահանում նրանց խոշտանգումներն ու սպանությունները և ուղարկում նրանց ընտանիքներին:

Արդյո՞ք Նորին մեծության կառավարությունը կգործի վճռականորեն՝ ապահովելու համար, որ Ադրբեջանը պատասխանատվություն կրի կատարված և լավ փաստաթղթավորված ոճրագործությունների համար, թե՞ Ադրբեջանին թույլ կտան շարունակել անպատժելիությունը», - մտահոգվել է նա:

Բարոնուհի Իթոնն իր հերթին է բարձրացրել արցախցիների ցեղասպանության հարցը.

«Համաձայն Genocide Watch-ի՝ նոյեմբերին լույս տեսած «ցեղասպանության գործընթացի 10 փուլերի»՝ Ադրբեջանն արդեն հասել է 9-ին, այն է՝ ոչնչացման, և 10-րդ-ին՝ հերքման: Ի՞նչ քայլեր է ձեռնարկելու Նորին Մեծության կառավարությունը վերջին պատերազմում Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության զոհերին պաշտպանելու և նրանց մասին հոգ տանելու պարտականությունը կատարելու համար»,- հարցրել է նա:

Քովենթրիի լորդ եպիսկոպոսն էլ անդրադարձել է Արցախի մշակութային ժառանգության թեմային:

«Ինչպես արդեն նշվել է, հազարավոր հայկական հուշարձաններ և մշակութային ժառանգության օբյեկտներ այժմ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ, ներառյալ հնագույն եկեղեցիները, վանքերը և հուշարձանային կառույցները: Կան ապացույցներ, որ Ադրբեջանն արդեն սկսել է հերքել այդ վայրերի հայկական ժառանգությունը: Ի՞նչ քայլեր է ձեռնարկում կառավարությունը`ՅՈՒՆԵՍԿՕ-ին աջակցելու համար ամենանշանակալի մշակութային հուշարձանների գույքագրում իրականացնելու հարցում, և արդյո՞ք բանակցություններ վարվել են Ադրբեջանի հետ` 1954 թ.-ին կնքված Հաագայի՝ զինված բախումների հետևանքով մշակութային արժեքների պաշտպանության մասին կոնվենցիային համապատասխան իր պարտավորությունների վերաբերյալ»,- շեշտել է հոգևորականը: