Թուրք-ադրբեջանական հերթական զորավարժություններն այս անգամ նախատեսված են անցկացնել Թուրքիայի տարածքում՝ պատմական Կարս քաղաքում: Նախորդ զորավարժություններն անց են կացվել 2020թ. օգոստոսին Ադրբեջանի տարածքում, որի նպատակն էր փորձարկել երկու բանակների հետևակային ուժերի, զրահատեխնիկայի, հրետանու, ականանետերի, ինչպես նաև օդուժի և ՀՕՊ համակարգերի համագործակցված գործողությունները: Այն անցկացվել է ի պատասխան Տավուշում Ադրբեջանի և Հայաստանի միջև տեղի ունեցած դիրքային մարտերի: Մեր այսպես կոչված իշխանակույտն այնքան էր ոգևորվել այդ փոխհրաձգությամբ, որ անտեսել էին 2020թ. տեղի ունեցած թուրք-ադրբեջանական զորավարժությունները և այն համարում էին անվնաս, զուտ ներբանակային միջոցառում:
Արցախյան երկրորդ պատերազմը ցույց տվեց Նիկոլի իշխանության հանցավոր տգիտությունը նաև այդ հարցում: Նիկոլի և իր հավաքածուի տգիտությունն այն աստիճան ցայտուն էր, որ մեր բազմաթիվ նախազգուշացումներին ի պատասխան հայտարարում էին, որ եթե Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի Արցախում, ապա Թուրքիան չի մասնակցի: Մենք տեսանք, թե ամբողջ պատերազմի ընթացքում ինչպես էր Նիկոլն ամեն օր հայտարարում, որ Հայկական բանակը կռվում է թուրքական զորքերի և նրանց նախաձեռնությամբ ներգրավված վարձկանների դեմ:
Սրանք, պարզվում է, նաև անուղղելի տգետներ են: Նույնիսկ սեփական ժողովրդի արյան ու տարածքների կորուստը սրանց ոչինչ չի սովորեցրել: Հիմա էլ պառլամենտում ոմն նիկոլական հայտարարում է, որ պետք չէ անհանգստանալ Կարսում անցկացվելիք թուրք-ադրբեջանական զորավարժություններից:
Զորավարժությունները, որպես կանոն, ունենում են նպատակ և հանդիսանում են որոշակի քաղաքականության շարունակություն: Հայաստանի զինված ուժերը, տարիներով պլանային զորավարժություններ է անցկացրել հայ-ռուսական երկկողմ, ինչպես նաև ՀԱՊԿ բազմակողմ ռազմաքաղաքական համագործակցության շրջանակներում: 2018թ. ներմուծված գունավոր հեղափոխության և Նիկոլի իշխանության երկու տարիների վնասակար քաղաքականության արդյունքում Ռուսաստանը և ՀԱՊԿ-ը ռազմաքաղաքական առումով երես թեքեցին Հայաստանից: Արդյունքը եղավ այն, որ ոչ միայն Ադրբեջանը, այլ նաև Թուրքիան ու այլ տարածքների վարձկաններ հայտնվեցին Արցախի և Հայաստանի դեմ վարվող տոտալ ռազմական գործողություններում:
Փետրվարի 1-ից 12-ը Կարսում անցկացվելիք զորավարժությունները վերջին տարիներին թուրք-ադրբեջանական ամենամասշտաբային ձմեռային զորավարժություններն են, որին մասնակցելու են Նախիջևանում տեղակայված առանձին համազորային բանակի և թուրքական երրորդ բանակի ստորաբաժանումներ, մասնավորապես՝ տանկային վաշտեր, հրետանային մարտկոցներ, դիպուկահարներ, հատուկ նշանակության ուժեր և ավիացիա:
Նախատեսվում է փորձարկել հարձակողական, դեսանտա-գրոհային, օդուժի հարվածային աջակցության, ինչպես նաև ռազմա-տրանսպորտային և նյութա-տեխնիկական ապահովման համատեղ գործողություններ: Առաջին անգամ զորավարժություններին մասնակցելու են նաև վրացական կողմից ռազմական դիտորդներ:
Զորավարժությունների հիմնական նպատակն է ձմեռային, բարդ լեռնային պայմաններում (Կարսը նաև այդ նպատակով է ընտրվել) ձյունածածկ, դժվարանցանելի իրավիճակներում փորձարկել հարձակողական մարտերի վարման, ինչպես նաև նոր տեխնիկայի կիրառման հնարավորությունները: Տեղանքի բնութագիրը բավականին նման է Նախիջևանի և Հայաստանի հարավային սահմանների միջև ընկած բարձր լեռնային գոտիներին: Չեմ կարծում, որ թուրք-ադրբեջանական ձմեռային զորավարժությունները նախատեսվել են Սևծովյան ավազանում, Ադրբեջանի հյուսիս-արևելքում կամ Թուրքիայի այլ հարևանների դեմ:
Այնպես որ, տիկնայք և պարոնայք դիլետանտնե՛ր, գործակալնե՛ր, դավաճաննե՛ր ու քաղաքականապես տգե՛տ «գործիչներ», խելքներդ գլուխներն հավաքեք, և եթե կարող եք, լուրջ վերաբերվեք մեր երկրի շուրջ տեղի ունեցող զարգացումներին: Ձեզ լսելով տպավորություն է, թե Ռուսաստանի Դաշնությունը պարտավոր է մեր փոխարեն լուծել մեր բոլոր խնդիրները: Նրանք իրենց բաժին ստանձնած պատասխանատվությունը լավ իրականացնում են: Եվ եթե պետք է ամեն ինչում իրենց հղում անեք, ապա դո՞ւք ում եք պետք: