Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում.

«Ինչպես է ստեղծվում «Թուրանական միջանցքը»
Թուրքիայի համար մերձկասպյան և կենտրոնական ասիական թյուրքալեզու տարածաշրջաններ ցամաքային ելք ապահովելուն միտված «միջանցքի» ծրագիրը, որը վերջերս Թուրքիայում և Ադրբեջանում կոչում էին նաև «Թուրանական միջանցք», սակայն հաշվի առնելով նման անվան զգայունությունը թե՛ Հայաստանի և թե՛ Ռուասաստանի համար, այժմ այն փաթեթավորում են այլ անվանումներով, ունի ուղիղ մեկ հարյուրամյակի պատմություն։
1921թ․ Կարսի պայմանագրով ստեղծվեց Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը: Գրեթե նույն ժամանակահատվածում Հայկական ԽՍՀ-ից Նախիջևանին միացվեց նախկին Շարուր-Դարալագյազի գավառից մի հատված՝ ձևավորելով ՆԻՀ Նորաշենի շրջանը։ Հայկական անվանումը ջնջելու նպատակով այն 1960-ականներին վերանվանվեց Իլյիչևսկի շրջան (Լենինի հայրանունով, որպեսզի դիմադրություն չլինի)։ 1990-ականներին երբ ԽՍՀՄ-ն, ըստ էության արդեն քայքայված էր, այն վերանվանվեց Շարուրի շրջան և դրանից առանձնացվեց Թուրքիային հարող հատվածը՝ Սադարակի շրջանը։
1930-ականներին Իրանի հետ տարածքային փոխանակման և սահմանազատման արդյունքում վերջնականապես ձևավորվեց Թուրքիա-Նախիջևան սահմանային 9-11կմ-ոց հատվածը, և նախկինում ՀԽՍՀ և Իրանի միջև պարփակված Նախիջևանը աշխարհագրորեն սահման ստացավ Թուրքիայի հետ։ 1992թ․ այդ հատվածում անանցանելի Արաքս գետի վրա բացվեց Թուրքիան Նախիջևանին միացնող, այսպես կոչված, «Հույսի» կամուրջը, կառուցվեց ավտոճանպարհ։
Ադրբեջան-Թուրքիա մոտ 70-ամյա համակարգված և բազմաքայլ երկկողմանի գործողությունների հետևանքով՝ ՀԽՍՀ-ն զրկվեց Իրանի հետ Արարատյան դաշտի հարավային հատվածից սահման ունենալու հնարավորությունից, և ձևավորվեց Նախիջևան-Թուրքիա ընդհանուր սահման, սակայն Սյունիքում Նժդեհի ազատագրական հաղթական պայքարն ի դերև հանեց Ադրբեջան-Թուրքիա վերջնական ցամաքային միացումը։
1990-ականերին Արցախյան ազատագրական պատերազմում մեր հաղթանակը և Արցախի մերձարաքսյան գոտի հայկական վերադարձը «Թուրանական միջանցքը» վերածեց գրեթե լոկ պատրանքի։
Այս առումով այժմ արդեն ամենևին պատահական չի կարող դիտարկվել այն, որ 2020թ․ հենց մերձաարաքսյան գոտում ծավալվեցին թշնամու վճռորոշ ռազմական գործողությունները, իսկ այդ «միջանցքի» միակ պատվարը այժմ կրկին մնում է նժդեհյան փառքով օծված Սյունիքը, որի դռները փորձ է արվում բացել թշնամու առջև «հաղորդակցության ուղիների ապաշրջափակում» գեղեցիկ փաթեթավորման տակ թաքնված հեռագնա համաթյուրքական ծրագրով, որը եթե իրականություն դառնա, ապա 1921թ․ սկսված գործընթացն ուղիղ հարյուր տարի անց՝ 2021թ․, ցավալիորեն, կստանա միս ու արյուն»։