Պատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանն իր ֆեյսբւքյան էջում գրել է.
Սերժ Սարգսյանի փեսա և համատեղությամբ Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանն ակնհայտորեն կապված է օտար ուժային կենտրոնների հետ (թե հատկապես որի՞ կամ որո՞նց՝ այժմ դժվար է ասել, բայց հետագայում այդ հարցն ինքնըստինքյան կպարզվի)։ Հանրությանը նրա տրամադրած տեղեկությունների մի զգալի մասն ունի «հույժ գաղտնի» կնիք-մակագիր, այսինքն՝ հասանելի է միայն հատուկ ծառայություններին։ Ըստ այդմ, Մ. Մինասյանի ելույթներում, բացի փաշինյանական խունտային տրվող խիստ գնատականներից ու խայտառակ փաստերի հիմնականում ուշացած բացահայտումներից, սուր արտահայտված են նաև օտար շահերը։ Ուստի մենք պետք է մեծ զգուշությամբ վերաբերվենք նրա յուրաքանչյուր խոսքին։
Անհայտ օտար վայրերից իր վերջին հերթական ուղիղ միացման ժամանակ Մինասյանն այսպիսի առաջարկություն արեց. «...Նիկոլ Փաշինյանը կատաղած շուն է, որին պետք է քարերով սատկացնել» (https://lurer.com/?p=401877&l=am):
Սա չափազանց վտանգավոր մեսիջ է, մանավանդ եթե ընդունենք, որ Մինասյանի շուրթերով տվյալ դեպքում խոսում է օտարը։ Սա նշանակում է, որ օտար կենտրոնը կամ կենտրոնները ցանկանում են Ն. Փաշինյանին ֆիզիկապես վերացնելու միջոցով սրբել-կորցնել իրենց հետքերը Հայաստանի դեմ 2020 թ. աշնանը կատարված ցեղասպանական հանցագործություններում։ Այդպիսի քայլով Հայաստանում երկարատև անկայունության, պառակտումների ու քաղաքացիական բախումների հիմքեր ստեղծելով՝ հեշտ կլինի նաև թուրք-ադրբեջանա-իսրայելական ագրեսիայի ու միջազգային համայնքի անգործության ամբողջ մեղքը բարդել հայ ժողովրդի իբր անմիաբան լինելու հնարովի թեզի վրա։ Այնինչ հայկական կողմից մեղավորը ոչ թե մեր հերոսական ժողովուրդն է (ում վերջերս դիտավորյալ կամ անգիտակցաբար անվերջ փնովում են), այլ ՀՀ կոլաբորացիոնիստական քաղաքական վերնախավը։
Ո՛չ, Ն. Փաշինյանին ֆիզիկապես վերացնել չի կարելի։ Դա անթույլատրելի է։ Նրան պետք է ձերբակալել, մանրամասնորեն հարցաքննել ու դատել հատուկ ստեղծված ռազմական տրիբունալում՝ հընթացս բացահայտելով նրա, ըստ ամենայնի, երկարատև դավաճանական գործունեության առավել ընդգրկուն, հանգամանալի և ամբողջական պատկերը։ Իսկ պատժի տեսակը և չափը կորոշի տրիբունալը։
Այս խնդիրը մեզ կհաջողվի լուծել, սակայն, միայն այն դեպքում, եթե Հայաստանի Հանրապետությունը պահպանվի որպես ինքնիշխան պետություն։ Այլապես Մ. Մինասյանի շուրթերով առաջադրված Ն. Փաշինյանի վախճանի սցենարը կդառնա, թերևս, իրականություն։