Երեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ «Իմ Քայլը» խմբակցությունից դուրս գալու և գործունեությունը որպես անկախ պատգամավոր շարունակելու որոշում է կայացրել Սոֆյա Հովսեփյանը: Այդ քայլից հետո, ինչպեսև սպասվում էր, «Իմ Քայլի» մի շարք կարկառուն ներկայացուցիչներ կատաղի արշավ սկսեցին թե՛ Հովսեփյանի, թե՛ ֆրակցիայից շաբաթներ առաջ դուրս եկած պատգամավորների դեմ:
Իմքայլական Ռուբեն Ռուբինյանը, Արփի Դավոյանը, ՔՊ խոսնակը սոցկայքի իրենց էջերում կոշտ և մեղադրական գրառումներ են արել դեռ ժամեր առաջ իրենց նախկին թիմակիցներ համարվող անձանց հասցեին: Մեղադրանքի էությունն այն է, որ, ըստ վերը նշված անձանց, ֆրակցիայից դուրս եկողները «ուտող ուրացողներ» են, որոնք ԱԺ են մտել միայն ու միայն Նիկոլ Փաշինյանի անձնական վարկանիշի շնորհիվ և իրենց այս քայլով փաստացի դավաճանում են Փաշինյանին: Ու՞մ մանդատով են շարունակելու ԱԺ-ում աշխատել ֆրակցիայից դուրս եկած պատգամավորները, եթե ոչ իրենց քաղաքական թիմի․ այս հարցն է, որ տանջում է վերոնշյալ ՔՊ-ականներին: ՔՊ խոսնակ Վահագն Ալեքսանյանը, օրինակ, պատգամավոր Սոֆյա Հովսեփյանին հարց է ուղղում, թե չի՞ պատրաստվում արդյոք վերջինս ներողություն խնդրել իրեն քվե տված քաղաքացիներից՝ նրանց քաշելու համար: Հետաքրքիր է՝ իսկ ՔՊ-ն չի՞ պատրաստվում ներողություն խնդրել քաղաքացիներից երկիրը անդունդի եզրին հասցնելու, հայրենիքի ¼-ը թշնամուն նվիրելու և Հայաստանի տարածքային ամբողջականությունը խարխլելու համար: Թե իշխանական կուսակցության ներկայացուցիչները վստահ են, որ քվե են ստացել՝ երկիրը կործանելու մանդատով…
Ուշագրավ է, որ երբ 2018 թվականին հանրապետական ֆրակցիայի ներկայացուցիչները դուրս էին գալիս խմբակցությունից և իրենց աջակցությունը հայտնում Փաշինյանի հեղափոխական թիմին, նույն Ռուբեն Ռուբինյանը և իր կոլլեգաները փողոցից ողջունում էին ՀՀԿ-ականների այդ քայլը և նրանց բացարձակապես չէր հուզում՝ ում մանդատով են շարունակելու վերջիններս գործել ԱԺ-ում:
ՔՊ-ականների մեծ մասը տեղյակ չէ նաև, որ պատգամավորի մանդատը գոյանում է ժողովրդի քվեի արդյունքում, և պատգամավորը պատասխանատու է միայն ու միայն ժողովրդի առջև: ՔՊ-ականների մեծ մասը այս պարզ ճշմարտությունը չի հասկանում այն պատճառով, որ այդ անձինք ԱԺ-ում հայտնվել են բացառապես Նիկոլ Փաշինյանի շնորհիվ՝ մինչ այդ չունենալով ո՛չ փորձ, ո՛չ կենսագրություն և օբյեկտիվ է, որ նրանք իրենց պատասխանատու են զգում միայն ու միայն իրենց՝ պատգամավորի բաղձալի աթոռին հասցրած անձի առջև, իսկ թիմակիցներին անվանում են «առնետներ», որոնք փախչում են խորտակվող նավից և վստահեցնում են, որ Փաշինյանի ուսապարկը այդ «առնետներից» ավելի շատ ձայն կարող էր հավաքել:
Լավ է թերևս, որ ՔՊ-ականները հասկանում են՝ նավը, իսկապես, խորտակվում է: Ֆրակցիայից հեռացող յուրաքանչյուր նոր պատգամավորի հանդեպ նախկին թիմակիցների կողմից կիրառվոմ են պայքարի ու թիրախավորման ավելի կատաղի մեթոդներ, գործի են դրվում ֆեյքերի ՊՈԱԿ-ի ողջ կարողությունները, ինչը գալիս է փաստելու, որ ռեժիմը, իսկապես, խուճապի մեջ է․ հողը իշխանությունների ոտքի տակից պարզապես փախչում է: