ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դեկտեմբերի 29-ին որոշում է ստորագրել, համաձայն որի՝ սպորտային մեկնաբան Կարեն Գիլոյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կարեն Գիլոյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ»,-նշվում է վարչապետի որոշման մեջ:
Կենսագրություն
1993 թվականին ավարտել է Երևանի ճարտարագիտական համալսարանի մեքենաշինական արդյունաբերության էկոնոմիկա, կառավարում ֆակուլտետը։ Ծառայել է Խորհրդային բանակում:
Մինչև 1995 թվականը Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում զբաղվել է գործարարությամբ։ 1995-2000 թվականները սովորել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում։
1995 թվականին աշխատել է «Նորք» հեռուստատեսության «Լուրերի» բաժնում որպես լրագրող։ 1996 թվականից աշխատում է Հայաստանի hանրային հեռուստաընկերության «Սպորտ» ստուդիայում՝ որպես ավագ լրագրող և մեկնաբան։
2005 թվականին կազմել է «Մարզական ժուռնալիստիկա» ուսումնական առարկան և մինչև այժմ դասախոսում է Երևանի Պետական Համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետում։
2000 թվականից Հայաստանի դարթսի ֆեդերացիայի հիմնադիր նախագահն է։ 2002 թվականից Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարն է։ 2007 թվականից մինչև 2014 թվականը եղել է Ուլիս ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղարը։
2014 թվականին ղեկավարել է Էջմիածնում կայացած նետաձգության Եվրոպայի առաջնության մամուլի կենտրոնը։ 2014 թվականից Հանրային հեռուստաընկերությունում վարում է «Խաղից դուրս» հաղորդաշարը։
2015 թվականին եղել է Բաքվում կայացած Եվրոպական առաջին ամառային խաղերի հայաստանյան պատվիրակության մամուլի ղեկավարը:
2016 թվականից Հանրային հեռուստաընկերության սպորտի բաժնի ղեկավարն է: