ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ դիմել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին։

«Վարչատարածքային բաժանման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի կենտրոնը Սոթք բնակավայրից Գեղամասար բնակավայր տեղափոխելու հարցը։

Բնակիչների համար անակնկալ ու անհասկանալի այս որոշումը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների և լրացուցիչ լարվածության՝ հատկապես պատերազմից հետո առաջացած անվտանգային նոր իրողությունների և անորոշությունների հետևանքով։

Հաշվի առնելով սույն թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության հետևանքով Սոթքի՝ որպես սահմանամերձ բնակավայր դառնալու հանգամանքը, խնդրում եմ ընդառաջել բնակիչների խնդրանքին և պահպանել խոշորացված համայնքի կենտրոնը Սոթք բնակավայրում»,- գրել է Սամսոնյանը: