ՀՀ Տավուշի մարզպետարանի ֆեյսբուքյան էջն Արցախում հերոսացած Տիգրան Աշոտի Սիմոնյանին նվիրված հրապարակում է կատարել:
 
Գրառումն ամբողջությամբ` ստորև.
 
«Մի օր, երբ Տիգրանի դասղեկը՝ ընկեր Մարիկյանը, հարցրել է աշակերտներին՝ արդյո՞ք իրենք գիտեն իրենց անունների բացատրությունը, Տիգրանը շատ երկար չի մտածել․
-Տիգրան Մեծն եմ` Տիգրան արքան։
Տիգրանին ճանաչողները երբեք անցյալով չեն խոսում իր մասին. ներկա է ամենուրեք` տանը, դպրոցում, սահմանապահ Ներքին Կարմիրաղբյուրի յուրաքանչյուր անկյունում, իր պահած դիրքում, բոլորի հիշողություններում։
Դպրոցի տնօրեն Նառա Պապյանը հիշում է.
«Դպրոցի բոլոր անկյուններում կա Տիգրանի «մատնահետքերը» (Տիգրանն ու ընկերներն անձամբ են մասնակցել դպրոցի վերանորոգման աշխատանքներին)։ Դպրոցում ամեն բան հիշեցնում է զուսպ ու համառ մեր տղային»։
Հերոսի մայրը՝ տիկին Անուշը պատմում է.
«Տիկոն երբևէ չի բողոքել ծառայությունից, ավելին՝ սիրում է բանակը, ծառայությունը, իր զրահատեխնիկան է սիրում ու կռվի ընթացքում էլ ասել է՝ ավելի լավ է մեռնեմ, քան տանկիս խփեն»։
Համառ ու հայրենատեր Տիգրանը կռվել է մինչև վերջ։
«Ես հպարտանում եմ ընկերոջովս, որովհետև մեկ մմ չի նահանջել։ Եթե նահանջեր, գուցե ողջ մնար, բայց՝ չէ։ Տիկոյի ընկերը լինելով՝ գլուխս բարձր եմ քայլում, որովհետև իմ Զինվորը, իմ Ընկերը, իմ Եղբայրը թշնամուն հող չի զիջել, մինչև իսկ կյանքի գնով»-ցավոտ հպարտությամբ ասում է ժամկետային զինծառայող Հայկը։
Տիգրան Աշոտի Սիմոնյանն իր կատարած սխրագործությունների համար հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2֊րդ աստիճանի շքանշանով
Պարտական ենք քեզ, խոնարհվում ենք քո առաջ․․․»