Ոստիկանության մայոր, ոստիկանության Կապանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ, արցախյան երկրորդ պատերազմի մասնակից Դավիթ Մարտիրոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Ստիպված եմ անդրադառնալ Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ ոստիկանությունը ներկայացնող փոխոստիկանապետ, ոստիկանության գնդապետ՝ Ա.Ֆիդանյանի հարցազրույցին.
Իր ելույթում փոխոստիկանապետը ապատեղեկատվություն համարեց ոստիկանությունից ազատվելու զեկուցագիր ներկայացրած ծառայողների բողոքի քայլը, այն համարեց սովորական գործընթաց եւ ներկարացրեց թվեր մի քանի տարիների ոստիկանությունից ազատելու հետ կապված եւ ուղիղ համամետականով նշեց, որ այս տարի ավելի քիչ են ազատվել քան նախորդ տարիներին։
Փոխոստիկանապետը մեր բողոքի ձայնը համարեց «հերոսանալու փորձ» եւ «ուղղորդված քայլեր» եւ «նույն գրչով գրված մտքեր»:
Հակադարձեմ Ձեզ պարո՜ն գնդապետ ու նշեմ, որ 2007 թվականից ծառայում եմ ՀՀ ոստիկանությունում եւ ծառայության ընթացքում ցուցաբերել եմ բացարձակ նվիրում, անձնազոհություն եւ ամենակարեւորը բարձր եմ պահել ոստիկանի ՝ սպայի պատիվը՝ հետին պլանում թողնելով իմ անձնական կյանքը, 24 ժամ պայքար եմ տարել հանցավորության դեմ, քանզի ծնվել եւ մեծացել եմ ոստիկանի ընտանիքում եւ հենց հայրս է, որպես ոստիկան իմ առաջին ղեկավար դաստիարակը եղել, հենց իրենից եմ սովորել հայրենասիրություն, նվիրում մեծ ոստիկանի ընտանիքին եւ ինչ է սպայի պատիվը։ Հենց այդ քայլերն էլ առանց մեկ վայրկյան երկմտելու ինձ 27.09.2020 թ.-ից մղեցին հանուն հայրենիքի փրկության համար դեպի Արցախ, սակայն ինձ չեմ դասում հերոսների շարքին, քանի որ այդ կոչումը համարում եմ «բացարձակ արժեք» եւ առաջնագիծ գնալը համարել եմ հայրենիքիս հանդեպ իմ պարտքը, որը ցավոք ոչ բոլորը գիտակցեցին...
Այդ կապակցությամբ արժանացել եմ ոստիկանապետի կողմից խրախուսման։
Փոխոստիկանապետը իր հարցազրույցում նշեց, որ ոստիկանությունից ազատված «մեր նախկին ոստիկանները» ազատվել են կամ հեռացվել են ծառայությունից նախկին տարիներին, սակայն կրկին հակադարձեմ Ձեզ, ներկա պահին ես համարվում եմ ոստիկանության ծառայող մինչ իմ ազատման հրամանը չի եղել։
Այն հանգամանքը, որ հայտնի հարցազրույցում իմ բողոքը համարել են ուղղորդված կնշեմ, որ ես այդ քայլին գնացել եմ իմ խղճիս եւ մտքիս թելադրանքով, պարո՜ն գնդապետ չգիտեմ այդ մտքերը Ձեզ որտեղի՞ց, Դուք ինձ բացարձակ չեք ճանաչում, ո՞վ ինձ կարող էր ուղորդել, կասեմ հակառակը Ձեզ Դու՜ք եք ուղղորդված խոսում եւ փորձում ցեխ շպրտել իմ կենսագրությանը եւ այն սպաների ովքեր գաղափարակից են ինձ։
Այդ հարցազրույցում Դուք ոստիկանությանը բաժանեցիք «մեր ու ձերի» այն ինչ իմ պատկերացմամբ ոստիկանությունը եղել է մի բռունցք, ամեն դեպքում ես առաջնորդվել եմ այդ սկզբունքով։
Ես հասկանում եմ, որ մեր բողոքի ձայնը Ձեզ համար անհանգստացնող է, սակայն ի տարբերություն Ձեզ և Ձեր մտածելակերպի տեր մարդկանց ես ընտրեցի հայրենիքս, այլ ոչ թե աթոռապաշտությունը ։
Ձեր հարցազրույցից ես խորը հիասթափություն ապրեցի...
Ոմանց հաճոյանալու և պատահմամբ ստացած աթոռը պահելու համար փոքր ֊ ինչ խոհեմ եղեք, եղեք ուղղամիտ ու երեսպաշտորեն մի մոռացեք Տղերքին, որ պատերազմի ծանրագույն բովով անցան առանց պատշաճ պատրաստվածության, այո՛, պատերազմ էր, որտեղ մեղր չեն բաժանում, բայց արդյոք այդպե՞ս պիտի ուղարկեիք նրանց, այդպես պետք է թողնեիք այնտեղ, ինչևէ, չակերտներն առանց բացելու՝ հորդորում եմ դուրս չգալ բարոյականության և ողջամտության սահմաններից ու հիշել՝ մինչ այժմ անունները նրանց մնացին չհրապարակված, հուղարկավորվեցին ծածուկ, առանց պատշաճ զինվորական, սպայական կարգի, արժանի չէի՞ն...
Ավելացնեմ նաեւ կրկին պատրաստ եմ մեկնելու առաջնագիծ եւ իմ պարտքս տալու։
Խոնարհվում եմ Ձեր առաջ Տղերք....»: