«Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Հայաստանում կատարյալ անիշխանություն է: Շարունակել այսպես ապրել անհնար է և անընդունելի։ Օրեցօր մեծանում է այն վտանգների թիվը, որ կախված է հայ ժողովրդի գլխին։ Անելանելի թվացող այս իրավիճակը պահանջում է կոնկրետ քայլերի հաջորդականություն, որպեսզի նորից կարողանանք ոտքի կանգնել, դիմակայել թշնամուն, երկիրը զարգացման ուղու վրա դնել և վերականգնել ազգային ու պետական անվտանգային համակարգը: Հետևաբար, ես նշում եմ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի գոյության համար 5 կետից բաղկացած անհետաձգելի օրակարգ, որոնցով պետք է առաջնորդվեն քաղաքական և պետական այրերը։ Ամենակարևորն է՝ բոլոր գործողությունները անել զուգահեռաբար․
1. Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
2. Ռազմագերիների և մեր՝ թշնամու շրջափակման մեջ գտնվող կամավորականների վերադարձ ամենասեղմ ժամկետներում։
3. «Հայաստան Համահայկական հիմնադրամի» հաշվին եղած միջոցներով տասը հազարից ավելի վիրավորների բուժման, անհրաժեշտության դեպքում՝ արտասահմանում վիրահատությունների կազմակերպում, իսկ հաշմանդամներին՝ բարեկեցիկ կյանքով և աշխատանքով ապահովում։
4․ Սահմանների հստակեցում՝ հայաստանյան կողմի ակտիվ մասնակցությամբ։
5․ Նոր որակական անցումային կառավարության ձևավորում՝ բաղկացած մեծամասամբ նոր ու պրոֆեսիոնալ կադրերից։
Ուշքի՛ եկեք, մենք Հայրենիք ու ժողովուրդ ենք կորցնում»: