Երկիրը կաթվածահար է, իսկ նման պայմաններում երկար կառավարել Նիկոլ Փաշինյանը չի կարող եւ գնալու է: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ընդդիմության կազմակերպած «անհնազանդության երթի» ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:
Անդրադառնալով նրան, որ Փաշինյանը խոսել է արտահերթ ընտրությունների մասին, Արփինե Հովհաննիյանն ասաց. «Այո, իրենք պատրաստվում են ընտրությունների եւ դա անելու են իրենց համար առավել հարմար պահի: Իրենց հաշվարկները, կարծում եմ՝ սխալ են, եթե կարծում են, որ մարդիկ չեն ընդդիմանալու»:
Հարցին, թե իր կարծիքով արդար ընտրություննե՞ր կլինեն, Արփինե Հովհաննիսյանն արձագանքեց. «Նիկոլ Փաշինյանից ամեն ինչ սպասելի է, հետեւաբար իրենք չեն կարող լինել ընտրությունների կազմակերպիչ եւ չեն կարող երաշխավորել ազատ ընտրություններ: Ասեմ ավելին, նրանք դա չեն արել նաեւ 2018-ին: Բազմաթիվ այդ մասին վկայություններ կան: Հիշենք Դավիթ Սանասարյանի ասածը՝ տարբեր պատգամավորների համար վարչական ռեսուրսի կիրառման մասին: Բայց էս պահին դա չենք քննարկում: Մեզ հիմա անհրաժեշտ է Նիկոլ Փաշինյանից զերծ Հայաստան: Դա նշանակում է առանց կեղծիքի ու առանց անարժանապատիվ պահվածքի Հայաստան»:
Հարցին, թե որքանո՞վ հասարակությունը կարող է վստահ լինել, որ Վազգեն Մանուկյանի վարչապետ դառնալուց հետո մեկ տարի անց ընտրություններում ընտրակեղծարարություններ տեղի չեն ունենա՝ հաշվի առնելով, որ նախկինների օրոք բազմաթիվ անգամ ընտրությունները կեղծիքներով են ուղեկցվել, ԱԺ նախկին փոխնախարարը պատասխանեց. «Ընտրակեղծարարություն արվել է 2018-ին, ամենամեծերից մեկը: Բոլոր ժամանակներում ընտրությունների ժամանակ եղել են խնդիրներ: Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա ոչ թե որովհետեւ չի կարող երաշխվորել ազատ ընտրություններ, այլ որովհետեւ ինքը թուրքի հետ գործարքի գնացած պետության ղեկավար է: Իսկ ընտրությունների ազատ, արդար լինելը պետք է ապահովի նոր կառավարությունը, որը լինելու է ներառական: Այնտեղ լինելու են պրոֆեսիոնալներ տարբեր թիմերից: Վազգեն Մանուկյանն էլ ասել է, որ հին ու նոր չի լինելու, լինելու են պրոֆեսիոնալներ»: