Արցախի ՊՆ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որում ասվում է.
«Անհասցե ուղերձ այսօր ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած հարց ու պատասխանից հետո.
Կա մարդու տեսակ, որը հանուն անձնական շահի եւ փառասիրության պատրաստ է զոհաբերել ամեն ինչ, անգամ՝ հարազատ ժողովրդի արժանապատվությունն ու Հայրենիքը: Մարդկության հիշողության մեջ այդպիսիների թիվը շատ չէ... Նրանք հերոստրատոսներն են ու հիտլերները... Նրանց արածով ու թողածով կորցրել է ինչպես մարդկությունը, այնպես էլ առանձին վերցրած ազգեր ու ժողովուրդներ: Ճակատագրի հեգնանքն այս պարագայում կայանում է նրանում, որ նմանները ծնվել են ժողովրդի ծոցից եւ ժողովրդի միջոցով հասել ճանաչելիության: Որքան էլ ցավալի, բայցեւայնպես այդպիսինն ունեցանք նաեւ մենք՝ հայերս... Ունեցանք ստի եւ կեղծիքի միջոցով իշխանության եկած մարդու, ով եկեղեցի վառող հերոստրատոսի խելագարությամբ ավերելով սեփական երկիրը, տակավին շարունակում է կառչած մնալ իր համար այնքան բաղձալի եւ անփոխարինելի համարվող իշխանական աթոռից: Թե որքան կտեւի այս աբսուրդի թատրոնը, դժվար է կանխատեսել, բայց որ նմաների կյանքի մայրամուտը միշտ էլ եղել է ցավոտ, իսկ իրենք էլ օրինաչափորեն հայտնվել են պատմության աղբանոցում՝ դա արդեն վաղուց է հայտնի»: