Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԽՈՍԵՆՔ ՕՐԵՆՔԻՑ
     ՀՀ Վարչապետն իրավունք չունի նման որոշումներ կայացնել միանձնյա, դա խախտում է ՀՀ Սահմանադրությունը, որի 116-րդ հոդվածում ասված է․ «Ազգային ժողովը վավերացնում, կասեցնում կամ չեղյալ է հայտարարում այն միջազգային պայմանագրերը՝ 1) որոնք վերաբերում են մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին և ազատություններին, ինչպես նաև պարտականություններին. 2) որոնք ունեն քաղաքական կամ ռազմական բնույթ․․․»:
     Նույն օրենքի 3-րդ կետում գրված է․ «Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը չեն կարող վավերացվել»։
     Կապիտուլյացիայի սույն ղազագիրը ՈՒՆԻ քաղաքական եւ ռազմական բնույթ, քանի որ ԱՆԳԱՄ ԱՌԱՆՑ Արցախում արված խայտառակ եւ դավաճանական զիջումների, այն ՀՀ սահմանների փոփոխություն է նախատեսում Սյունիքում՝ հայ-իրանական սահմանը զիջելով ռուս-թրքական դաշինքին։
     Սույն ղազագիրը ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներին, քանի որ տասնյակ հազարավոր մարդկանց զրկում է ապրելու, ազատ տեղաշարժվելու, աշխատելու, քաղաքական եւ քաղաքացիական հիմնական ազատություններից եւ դրդում է նրանց արտագաղթի։
     Սույն ղազագիրը ՀԱԿԱՍՈՒՄ է ՀՀ Սահմանադրությանը եւ ՉԻ ՎԱՎԵՐԱՑՎԵԼ ՀՀ ԱԺ կողմից։
     Հետեւաբար, ՀՀ վարչապետ Փաինյանը կոպտորեն խախտել է ՀՀ Սահմանադրությունը, չարաշահել է իր լիազորությունները եւ փաստորեն կատարել է Սահմանադրական հեղաշրջում։ Այս ամենի իրավական հետեւանքների մասին ասված է ՀՀ սահմանադրության նախորդ, 115-րդ հոդվածում, որը կոչվում է «Վարչապետին անվստահություն հայտնելը»։ Եթե ՀՀ համարում է իրեն քաղաքակիրթ ժողովրդավարական պետություն եւ գործում է իր իսկ Սահմանադրությամբ, ապա իրավական եւ սահմանադրական միջոցները պետք է կիրառվեն։ Եթե ՀՀ իշխանությունը որոշել է խախտել ՀՀ Սահմանադրությունը եւ գործում է բռնատիրության միջոցներով, ապա դրա հետեւանքներն ու պատասխանատվությունը լիովին մնում է ՀՀ իշխանության վրա։