Ընդդիմությունն ունի իր մեղքի բաժինը, որ չենք կարողացել հասարակությանը բացատրել, որ այս մարդիկ վտանգավոր են այս երկրի և պետության համար: Այս մասին «5-րդ ալիք» հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման ընթացքում հայտարարել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Մենք՝ քաղաքական ուժերս, չկարողացանք այս մարդուն հեռացնել քաղաքական իշխանությունից»,- ասաց նա՝ նշելով նաև, որ չեն լռել, բայց առաջարկները ներկայացրել են իշխանություններին, և պատերազմի ընթացքում քաղաքական դաշտի ընդդիմադիր կուսակցությունները բացառիկ կեցվածք են ցուցաբերել:

Անդրադառնալով 17 կուսակցությունների նախաձեռնությամբ այսօր կայանալիք հանրահավաքին՝ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը հայտարարել է. «Ոստիկանությունը թող չփորձի որևէ քայլ ձեռնարկել խաղաղ հանրահավաքի դեմ: Մեզ համար Հայաստանի ներքին կայունությունը շատ կարևոր է: Մենք երբեք չենք գնա քայլերի, որոնք ցնցումներ կառաջացնեն մեր քաղաքում, Հայաստանում, և թիկունքում երկրորդ ճակատ կբացվի: Մենք չենք տրվելու որևէ պրովոկացիայի, բայց վարչապետի երեկվա ոչ սթափ և անադեկվատ կեցվածքը ակնհայտ է դարձնում, որ ինքը գնում է սադրանքի»:

Հարցին էլ՝ ինչ հարց է լուծվում Փաշինյանի հեռացմամբ, Սաղաթելյանը պատասխանել է. «Մենք պետք է փրկենք մեր հայրենիքի բեկորները, այս երկիրը վերականգնենք և փորձենք ստեղծված իրավիճակում գործադրել առավելագույն ջանքեր՝ ինչ-որ բաներ փրկելու համար և չհամակերպվել այս կապիտուլյացիայի պայմանագրի ամբողջական պայմանների հետ: Նիկոլ Փաշինյանը հանձնող է, նա պետություն կառուցող չէ, իրենով հնարավոր չէ առաջընթաց ունենալ. սա է խնդիրը»: