Դավիթ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
ՆԱՎԹԱՄՈՒՂԻՆ ՀԱՐՎԱԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթամուղը պայթեցնելու կողմնակիցներին փոքրիկ տեղեկատվություն՝ պատկերացնելու, թե ինչի հետ ենք ուզում գործ ունենալ
Եվ այսպես, ի՞նչ է իրենից ներկայացնում այդ նավթամուղը։
Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը պատկանում է BTC Co կոնսորցիումին, որը ունի 11 բաժնետեր։ ԲԹՋ նավթամուղի օպերատոր (կառավարիչ) և ամենախոշոր բաժնետերը բրիտանական BP-ն (British Petrolium) է, իսկ բաժնետոմսերը բաշխված են հետևյալ կառուցվածքով.
BP (Մեծ Բրիտանիա) - 30.1%,
SOCAR (Ադրբեջան) - 25.00%,
MOL (Հունգարիա) - 9.57%,
StatoilHydro (Նորվեգիա) - 8.71%,
TPAO (Թուրքիա) - 6.53%,
Eni/Agip (Իտալիա) - 5.00%,
Total (Ֆրանսիա) - 5.00%,
ConocoPhillips, Hess Corporation (ԱՄՆ) - 4.76% (2.50%, 2.36%),
Itochu, Inpex (Ճապոնիա) – 5.90% (3.40%, 2.50%)։
Խողովակաշարն արժեցել է մոտ $3,9 մլրդ, ապահովում է 1'000 մշտական աշխատատեղ, որոնց թվում են նաև օտարերկրյա մասնագետները: Ծախսերի 70%-ը ֆինանսավորվում է երրորդ անձանց կողմից, այդ թվում՝ Համաշխարհային բանկի IFC-ն, EBRD-ն, յոթ երկրների վարկային-արտահանման և15 առևտրային բանկերի սինդիկատը:
Նավթամուղի տարանցման դիմաց Վրաստանը և Թուրքիան ստանում են տարեկան $200-300 մլն։
Նավթամուղի թողունակությունը կազմում է օրական ավելի, քան 1 մլն բարել (>160'000 մ3) (ֆինանսական հոսքերի հաշվարկներ նախընտրում եմ չիրականացնել)։
Աշխարհաքաղաքական տեսանկյունից նավթամուղի կառուցման հիմնական նպատակը ՌԴ-ից անկախ երթուղի ստեղծելն էր՝ Ադրբեջանից (հետագայում ՝ նաև Ղազախստանից) նավթը համաշխարհային շուկաներ տեղափոխելու համար: ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան, ովքեր լոբբինգ էին իրականացնում և ֆինանսավորում էին նախագիծը, որպես դրա հիմնավորում առաջ քաշեցին էներգիայի արտահանման ուղիները դիվերսիֆիկացնելու և համաշխարհային էներգետիկ շուկան կայունացնելու անհրաժեշտության գաղափարը:
Սա ԱՊՀ տարածքում առաջին նավթամուղն է, որը շրջանցում է ՌԴ-ն՝ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի անմիջական մասնակցությամբ: Նավթամուղի գործարկումից էականորեն փոփոխվեց ուժերի աշխարհաքաղաքական հավասարակշռությունը տարածաշրջանում ՝ ընդգրկելով Կենտրոնական Ասիան, Կովկասը և Կասպից ծովը: Նավթի զգալի ծավալի փոխադրումը, որը հակառակ դեպքում պետք է տեղափոխվեր ՌԴ-ի տարածքով Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղով, այժմ շրջանցում է ՌԴ-ն, ինչը նվազեցնում է վերջինիս ազդեցությունը տարածաշրջանում:
Կասպիական նավթի փոխադրման նոր ուղու ի հայտ գալու հետևանքով Ռուսաստանի տնտեսական կորուստները, ըստ որոշ փորձագետների, գնահատվում է տարեկան $200 մլն: Թերևս սա էր պատճառը, որ նավթամուղի բացման արարողությանը ներկա չեն եղել ռուս պաշտոնյաները:
Ինչպես երևում է նավթամուղի շահառուներն ավելին շատ են, քան շատերը միամտաբար կարծում են, թե Ադրբեջան է, և, մասամբ, Թուրքիան։ Նավթամուղի խոշոր օտարերկրյա բաժնետերերից ոմանք ունեն մեծ կշիռ ու բաժնեմաս համաշխարհային էներգետիկ օրակարգում, և, հետևաբար, իրենց երկրների արտաքին քաղաքականության վրա ազդելու ներուժ ու կարողություն։ Որպես օրինակ՝ ֆրանսիական Total նավթագազային ընկերությունը աշխարհում չորրորդ խոշոր արդյունահանողն է Royal Dutch Shell-ից, British Petroleum-ից և ExxonMobil-ից հետո։
Արդյոք նավթամուղին հարվածելով պատրաստ ենք մտնել միջազգային տնտեսական այդ «բեռի» տակ և մեզ ապահովագրել տարբեր հետևանքներից. բարդ է պատկերացնել։
«Խփե՞լ, թե չխփել, սա է հարցը...»։
Բայց, եթե պահն ու անհրաժեշտությունը գա` կխփենք, թող ոչ մեկ առխային չլինի: