«Երեմյան Փրոջեքթս»-ի գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը հայտարարություն է տարածել, որում նշվում է․

«Սիրելի՛ ընկերներ, բարեկամներ, հարազատներ, ավաղ, բայց այսօր Արցախի մեր թիմից գույժ եմ հաղորդում։

Խորը վշտով եմ հայտնում, որ հոկտեմբերի 24-ին, մեր հայրենիքի համար այս ծանր ու ճակատագրական օրերին, արցախյան ռազմաճակատում իրենց մասնագիտական պարտքը կատարելիս զոհվել են մեր սիրելի գործընկերներ Բալասանյան Վյաչեսլավն ու Գրիգորյան Կամոն։

Սրտի ցավով տեղեկացնեմ, որ հոկտեմբերի 24-ին Մարտունու մեր պահեստի մոտ հուժկու պայթյունի հետևանքով ունենք զոհեր և վիրավորներ։ Մեր պահեստի աշխատակից համեստ ու աշխատասեր Վյաչեսլավը (19.04.1979թ.) տեղում զոհվեց։ Ծանր վնասվածքներ ստացան մեր մյուս տղաները՝ Գրիգորյան Կամոն, Պետրոսյան Գարիկը և Բարաշյան Մխիթարը։

Ծանր վիճակում Ստեփանակերտի հոսպիտալ տեղափոխված մեր ժպտերես ու բարի Կամոն (10.05.1994թ.) վիրահատության ընթացքում մահացել է: Արցախյան առաջին ազատամարտի ընթացքում զոհված հերոսի որդի Գրիգորյան Կամոն Մեխակավանի (Ջաբրայիլի) զորամասի մեր կողմից սպասարկվող ճաշարանում խոհարարի օգնական էր աշխատում։

Հանգչե՛ք խաղաղությամբ, մեր սիրելի՛ ընկերներ։ Հավերժ փառք ձեր վառ հիշատակին։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում մեր տղաների ընտանիքներին։

Բարեկամնե՛ր, մեր վիրավորների վիճակն էլ շատ մտահոգիչ է: Մեխակավանի (Ջաբրայիլի) զորամասի մեր կողմից սպասարկվող ճաշարանի խոհարարի օգնական Պետրոսյան Գարիկը պայթյունի հետևանքով ծանր կոնտուզիա է ստացել, այժմ նա Գորիսի հիվանդանոցում բժիշկների հսկողության ներքո է։ Իսկ մեր մյուս թիմակիցը՝ Մեխակավանի զորամասի ճաշարանի բանվոր Բարաշյան Մխիթարը շատ ծանր վիճակում հիմա Երևանում է՝ Հանրապետական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, ունի շատ ծանր վնասվածքներ։

«Երեմյան Փրոջեքթս»-ի սիրելի աշխատակիցներ, մեր թիմում իրական հերոսներ ունենք։ Հերոսներ, որոնց սխրանքներին պետք է փորձենք արժանի լինել։ Մաթևոսյան Անդրանիկն ու իր կինը Վարանդայի (Ֆիզուլիի) զորամասի ճաշարանում են աշխատել։ Հոկտեմբերի 12-ին, երբ թշնամին նենգաբար հարձակվեց զորամասի վրա, Անդրանիկը վերցրել է զենքը և բռնվել մարտի։ Շատ ծանր վիճակում հիմա գտնվում է Երևանի Էրեբունի հիվանդանոցում։ Առողջություն քեզ, մեր հերոս ընկեր։

Շուտ ապաքինվեք, տղերք։ Ձեզ առողջություն, ուժ ու տոկունություն։ Բոլորիս մտքերը, սրտերն ու աղոթքները ձեզ հետ են։ Մենք ամենօրյա կապի մեջ ենք մեր տղաների ընտանիքների հետ։ «Երեմյան Փրոջեքթս»-ը նրանց իր աջակցությունն է ցուցաբերում բոլոր հարցերում։

Մենք հայրենիքին իրական նվիրյալ ընկերներ ունենք, ովքեր իրենց սուրբ պարտքն ու խնդիրը գիտակցելով՝ իրենց վստահված դիրքերում հաստատակամ ու միասնական աշխատում են հանուն Հայոց Բանակի զինվորի, հանուն այդքան սպասված հաղթանակի։ Այլընտրանք չկա, մենք ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ:

«Երեմյան Փրոջեքթս»-ի գլխավոր տնօրեն
Դավիթ Երեմյան»,-նշված է հայտարարության մեջ։