Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան գրառում է արել։
«Ադրբեջանում միլիարդավոր դոլարների հասնող արևմտյան նախագծերը, ենթակառուցվածքները, գազամուղերն ու նավթամուղերը որպես տարածաշրջանի անվտանգության երաշխավոր պետք է այլևս առնվեն հայկական զինված ուժերի նշանառության տակ, քանի որ դրանցից ստացվող նյութական միջոցները, հասույթը Բաքվի իշխանություններն օգտագործում են տարածաշրջանում ահաբեկչության տարածման նպատակով: Սա այլևս հրատապ կարևորության հարց է»,– ասվում է գրառման մեջ:
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։
Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։
Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։