Կարանտինի պայմաններում դիմակների կրումը պարտադիր է։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։

Խոսնակը նշեց, որ առայժմ պարտադիր կմնան նաև սոցիալական հեռավորության պահպանման, ախտահանման վերաբերյալ արտակարգ դրության պայմաններում եղած պահանջները։

Այսուհետ, սակայն, պարետատան փոխարեն կորոնավիրուսի վերաբերյալ որոշումներ կկայացնի Առողջապահության նախարարությունը։ Պարետատունն այսօրվանից չկա, չի գործելու։  

«Եթե նախկինում կար պարետատուն, ապա այսուհետ իրավիճակը կարգավորվում է Առողջապահության նախարարի որոշումներով։

Եթե ընթացքում ինչ-որ մի բան այնպես չլինի կամ իրավիճակը վատթարանա և սահմանափակումները խստանան, դա լինելու է նախարարի որոշմամբ։ Հեռախոսով տեղորոշման համակարգը դադարելու է գործել։ Եթե նախկինում տեսչական մարմինները կարող էին գնալ եւ իքս ժամանակահատվածում որեւէ տնտեսական գործունեություն արգելել, ապա հիմա այդպես չի, այլեւս չեն կարող անել։ Հաշվի առնելով, որ Առողջապահության նախարարությունն է լիազոր մարմինը, շատ հարցեր առողջապահության նախարարությունն է լուծելու, կրթական համակարգին վերաբերող հարցերում կրթության նախարարությունն է պատասխանատու, տնտեսական գործունեության համար տեսչական մարմինններն են պատասխանատու»,- մանրամասնեց Գևորգյանը։ 

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշել է․

1․ Սահմանել կարանտին Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում՝ 2020 թվականի սեպտեմբերի 11-ից, ժամը 17:00-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ:

2․ Սահմանել կարանտինի ընթացքում կիրառվող միջոցառումները և սահմանափակումները` համաձայն հավելվածի: 

3․ Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետով նախատեսված միջոցառումները և սահմանափակումները կիրառվում են «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» և «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով՝ այդ օրենքներով նախատեսված մարմինների կողմից: