Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
‹‹Մի հետաքրքիր միջադեպ տեղի ունեցավ հենց նոր՝ Զաքյան-Ամիրյան խաչմերուկի հայտնի կրպակի մոտ։
55-60 տարեկան, մի քիչ գինովցած մի համաքաղաքացի մանր առևտուր էր անում՝ փոքր-ինչ դանդաղ տեմպերով։ Հերթում հաջորդը ես էի, իսկ ինձնից հետո մի եվրոպացի էր։ Եվրոպացին ակնհայտորեն միջազգային փորձագետի տեսք ուներ։
Բան չէր մնացել, որ մեր դանդաղկոտ համաքաղաքացին ավարտեր առևտուրը, ու մեկ էլ էս եվրոպացին չդիմացավ ու սկսեց ֆրանսերենով «դժգոհություն հայտնել»։ Չգիտեմ՝ խուլիգանական հայհոյանքներ կամ անեծքներ տալիս էր թե չէ. «մե՜ղդը» բառն էր հաճախ կրկնում։
Իրականում մեր համաքաղաքացին «անհամաչափ» դանդաղ չէր, ամեն դեպքում՝ ես չէի համարի այդպես։
Եվրոպացին էնպես էր իրեն պահում, կարծես մանր առևտուր անելու եվրոպական ստանդարտներն են կոպիտ ձևով խախտվել, ինքն էլ մեզ «խելք է սովորացնում»։
Վստահ եմ՝ եթե մի քանի կամ նույնիսկ մի տարի առաջ լիներ՝ բոլոր ներկաները «փորձագետին» շնորհակալություն կհայտնեին ու կդատափետեին դանդաղկոտ քաղաքացուն։ Սակայն հիմա ակնհայտորեն իրավիճակ է փոխվել ու, անկեղծ ասած, ստիպված եղա մի փոքր պաշտպանել վռազող ֆրանսիացու իրավունքները, որովհետև ... լավ, մանրամասները չասեմ՝ նա ստիպված եղավ պատասխան տալ ընդհուպ Ստամբուլյան կոնվենցիայի համար։
Հայաստանում իրավիճակ է փոխվում։ Ու կշահեն նրանք, որոնք դա շուտ կգիտակցեն››։