ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան գրառմամբ ներկայացրել է, թե ինչ է սահմանում վաղը ԱԺ-ում քննարկվելիք օրենքը։ Նա մասնավորապես նշել է, որ կարանտինային այդ նոր օրենքը կարող է մեզ 6 ամսով անդադար կապկպել տուգանքներով։ Սամսոնյանի գրառումը՝ ստորև․

«Վաղը քննարկվելու է կարանտինյան մի նոր օրենք, որը կարող է վեց ամսով առանց դադարի մեզ բոլորիս կապկպել հետևալ տուգանքներով։

1. Կարանտին սահմանելու մասին որոշմամբ սահմանված համաճարակի (կարանտինային) գոտի մուտքի և ելքի հատուկ ռեժիմը խախտելը` 50-70 հազար դրամ։

2. Կարանտինի ընթացքում անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի կամ տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակումները խախտելը, ինչպես նաև դրանց զննման իրականացմանը խոչընդոտելը` 10 հազար դրամ։

3. Կարանտինի ընթացքում տնտեսական գործունեության առանձին տեսակների իրականացման և ծառայությունների մատուցման, ինչպես նաև տնտեսական գործունեությամբ չզբաղվող այլ կազմակերպությունների գործունեության սահմանափակումները խախտելը` 100-300 հազար դրամ։

4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարքը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում՝ 150-500 հազար դրամ։

5. Կարանտինի ընթացքում հավաքներ կազմակերպելու կամ անցկացնելու սահմանափակումները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում` 50-200 հազար դրամ։

6. Կարանտինի ընթացքում հավաքների մասնակցելու սահմանափակումները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում` 10 հազար դրամ։

7. Կարանտինի ընթացքում հանրային միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմանափակումները և արգելքները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 50-100 հազար դրամ։

8. Կարանտինի ընթացքում կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների սահմանափակումները խախտելը, ինչպես նաև դրանց զննման իրականացմանը խոչընդոտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 50-100 հազար դրամ։

9. Կարանտինի ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում 50-200 հազար դրամ։

10. Կարանտինի ընթացքում անհատական պաշտպանության միջոցների կիրառման կանոնները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում՝ 10 հազար դրամ։

11. Կարանտինի ընթացքում կրթական հաստատությունների կողմից սահմանված միջոցառումները և սահմանափակումները խախտելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` 50-100 հազար դրամ։

Մնացածը՝ վաղը»։