Այսօր «Ազատության» ուղիղ եթերում, օգտատերերի հարցերին, թե շատ ուսուցիչներ ասում են, որ տարրական դասարանների երեխաներին չենք կարող ստիպել, որ անընդհատ դիմակ կրեն, որ դիմակ դնելն ավելի վտանգավոր է, երկրորդ՝ բոլոր դպրոցները չէ, որ ունեն հնարավորություն՝ երեխաներին միմյանցից հեռու նստեցնելու, երրորդ՝ ինչպե՞ս են ուսուցիչները դաս անելու, հնչյուններն ինչպե՞ս են առաջին դասարանցիներին բացատրելու, չորրորդ՝ ի՞նչ կասեք այն ծնողներին, որոնք ասում են, թե չեն ուղարկելու իրենց երեխաներին դպրոց, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Կարգավորումներն արդեն տրված են և դրանք այն կարգավորումներն են, որոնք թույլ են տալու մեզ ապահովել մեր երեխաների, մեր ուսուցիչների առողջությունը, և մենք պետք է հետևենք այդ կանոներին: Ուզում եմ կրկնել, որ դրանք փոփոխությունների են ենթարկվելու պարետի և Առողջապահության նախարարության ցուցումներով: Եվ որպեսզի չունենանք իրավիճակի փոփոխություն, և ստիպված չանցնենք հեռավար ուսուցման, ինչն ամենաանցանկալին է, ապա պետք է հետևենք ցուցումներին: Դա առաջին հերթին արվում է ուսուցիչների և երեխաների առողջության համար»:
Հարցին՝ ի՞նչ է արվելու այն դպրոցների հետ, որոնք չեն պահպանի կանոններից մի քանիսը, կամ կլինեն ծնողներ, որոնք դպրոց չեն ուղարկի իրենց երեխաներին, նախարարն ասաց. «Մենք դպրոցներին լավագույնս աջակցելու ենք այդ ուղղությամբ, որպեսզի կանոնները պահպանվեն: Այս ընթացքում կաշխատենք նաև ծնողներին հետ, որոնք կանոնները պիտի պահպանեն և երեխաներն անպայման ուղարկեն դպրոց: Չհաճախելու դեպքում անպայման կլինեն բացասական հետևանքններ՝ երեխաների կրթության շարունակական ընդհատում, ինչն անխուսափելիորեն հանգեցնելու է հետագա ամիսներին և տարիներին առաջադիմության խնդիրների և կրթական ցենցի նվազման»: