ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Տեղեկացնում եմ, որ որպես ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար՝ խմբակցության անունից հունիսի 22-ին դիմել էի ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ խնդրելով սահմանված ընթացակարգով «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի հաջորդ համարին տրամադրել պատգամավորական մանդատ՝ վերականգնելու համար խորհրդարանի իշխանական և ընդդիմադիր խմբակցությունների՝ սահմանադրական օրենքով նախատեսված հարաբերակցությունը։

Հանձնաժողովը հուլիսի 08-ին որոշմամբ մերժել է վերոնշյալ դիմումը՝ եզրափակիչ մասում նշելով, որ իր որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան։

Ստանալով վերոնշյալ մերժումը՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն այն սահմանված կարգով և ժամկետում բողոքարկել է վարչական դատարան։

Դատարանը հուլիսի 22-ին մերժել է հայցադիմումի ընդունումը՝ պատճառաբանելով, որ ԱԺ խմբակցությունը վարչական դատարան դիմող սուբյեկտ չի կարող համարվել։

Վարչական դատարանի նշված որոշումը հուլիսի 31-ին մեր կողմից բողոքարկվել է վերաքննության կարգով։

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանն օգոստոսի 20-ին վարույթ է ընդունել մեր կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը։

Գործի հետագա ընթացքի մասին կտեղեկացնենք համապատասխան ակտերն ստանալուց հետո»։