Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով ԱԺ նախկին պատգամավոր Լյովա Խաչատրյանի՝ ֆեյսբուքյան էջի տեսանյութին։
«Անընդունելի է Հայաստանի «Կարմիր գրքում» գրանցված որևէ կենդանատեսակի հանդեպ ոտնձգությունը:
ԱԺ նախկին պատգամավոր Լ․ Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Հայաստանի «Կարմիր գրքում» գրանցված գորշ արջի սպանված ձագի վերաբերյալ տեսանյութ։
Իմ հրատապ հանձնարարականով համապատասխան գրություններ կուղարկվեն ՀՀ ոստիկանություն և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին դեպքը մանրամասն ուսումնասիրելու և հանգամանքները պարզելու համար։
Անընդունելի է Հայաստանի «Կարմիր գրքում» գրանցված որևէ կենդանատեսակի հանդեպ ոտնձգությունը, քանի որ Հայաստանի բնաշխարհը բնակեցնող յուրաքանչյուր կենդանի մեր երկրի էկոհամակարգի անքակտելի մասն է, կենսաբազմազանության պահպանության կարևորագույն օղակ։ Առավել քան առաջնային է կարմիրգրքյան տեսակների պահպանությունն ու պաշտպանությունը, քանի որ դա բխում է ՀՀ բոլոր քաղաքացիների շահերից։
Խիստ դատապարտում եմ նման վերաբերմունքը կենդանիների նկատմամբ։
Հիշեցնեմ, որ Հայաստանի Հանրապետության կենդանիների «Կարմիր գրքում» գրանցված գորշ արջ սպանելու համար նախատեսված է պատասխանատվություն ՀՀ քրեական օրենսգրքով․
տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 400-600-պատիկի չափով,
կամ կալանք՝ 2-3 ամիս ժամկետով՝ 1-ից 5 միլիոն դրամ վնասի վերականգնմամբ։
Շնորհակալություն եմ հայտնում ահազանգելու համար։
ՀՀ բոլոր քաղաքացիներին հորդորում եմ նման դեպքերում անհապաղ ահազանգել ՀՀ ոստիկանություն, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին կամ դիմել շրջակա միջավայրի նախարարություն։
#պաշտպանված_շրջակա_միջավայր ունենալո՛ւ ենք»,-գրել է նախարարը:
Ավելի վաղ ԱԺ նախկին պատգամավոր Լյովա Խաչատտրյանը ֆեյսբուքյան էջում «SOS» խորագրով սպանված արջի քոթոթի լուսանկարներ ու տեսանյութ էր հրապարակել: