Այն պարագայում, երբ ողջ հանրությունը քննադատում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ղեկավարած կառույցի անփույթ և ոչ պրոֆեսիոնալ աշխատանքը համավարակի դեմ պայքարում, նրան մեղադրում 1000-ից ավելի մահերի մեջ, որոնց պատճառը նաև վերը նշված անփութությունն ու ոլորտին չտիրապետելն է՝ Թորոսյանի տիկինը՝ Վարդուհի Թևանյանը, «տապակվում է» լրիվ այլ հոգսերով, որոնց թերևս կնախանձեին կորոնավիրուսով արդեն իսկ վարակված կամ այդ վտանգի առջև կանգնած և բախտի քմահաճույքին հանձնված քաղաքացիները:
Բանն այն է, որ Թևանյանը մի հուզառատ գրառում է կատարել՝ նշելով տարածքային կառավարման նախարարությանը, ոստիկանությանը, քաղաքացիների հանդեպ անհարգալից վերաբերմունք անվանել իր տան կողքով անցնող ծանրաքարշ մեքենաներից առաջացող աղմուկը և փոշին և պահանջել լուծում գտնել: Դրանք խանգարում են Թևանյանի անդորրը, և վերջինս որոշել է սովորեցնել վերը նշված պատկան մարմիններին՝ թե ինչպես պետք է հարգել քաղաքացիներին: Քաղաքացիների հանդեպ հարգանքից խոսելիս՝ առաջին հերթին պետք է հիշենք առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին: Միթե՞ անհարգալից վերաբերմունք չէ քաղաքացիների հանդեպ առողջության նրանց իրավունքը լիարժեքորեն չիրացնելը: Միթե՞ անհարգալից վերաբերմունք չէ քաղաքացիների հանդեպ առողջապահության ոլորտում այնպիսի քաոս ստեղծելը, որ մահացած անձանց դիերը կորեն, կամ միթե անհարգալից վերաբերմունք չէ՝ ոլորտը սեփական ընկերներով համալրելը: Միթե՞ անհարգալից վերաբերմունք չէ սահմանամերձ ծննդատների փակումը և ծանր վիճակում հայտնված մարդկանց ծննդաբերելու համար Երևան ուղարկելը: Միթե անհարգալից վերաբերմունք չէ քաղաքացիների հանդեպ նախարարի պարբերական գրառումները, որոնցից մեկը դիցուք՝ «Վեթինգը պետք է սկսել միզաբուժության գուրու և պապայի (կամ միգուցե մամայի) բալա դատավորներից», թե դատավորները Թորոսյանի և իր կնոջ տեսանկյունից քաղաքացի չեն համարվում…
Թերևս քաղաքացիներն էլ, ոգևորվելով Վարդուհի Թևանյանի օրինակից, սկսեն ֆեյսբուքում թեգել նախարար Թորոսյանին, բողոքելով իրենց կյանքին սպառնացող վտանգից, իրենց հանդեպ անհարգալից վերաբերմունքից և սովորեցնեն՝ ինչպես պետք է ղեկավարել ոլորտը, կամ ինչպես Թևանյանն էր իր գրառման մեջ նշում՝ առնվազն այն «չբրախել»…