ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի կալանավորումը մերժելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ բերված դատախազության բողոքը։

 

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Միքայել Մինասյանի պաշտպաններից Միհրան Պողոսյանը։

«Բազմաթիվ անգամ առիթ ենք ունեցել խոսելու, որ Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ թվով արդեն երկրորդ միջնորդությունն ապօրինի և անհիմն է, ինչն այսօր հաստատվեց վերաքննիչ քրեական դատարանի կողմից։
Ակնհայտ է, որ երկրի քաղաքական իշխանությունները չեն կարող հանդուրժել այս վիճակը, և առաջիկա ժամանակահատվածում դատարան կներկայացնեն Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ թվով արդեն երրորդ միջնորդությունը, որին կնախորդեն «հերթական աղմկահարույց և շռնդալից բացահայտման» վերաբերյալ մամլո հաղորդագրություն և հանրային հեռուստաընկերության և «Ազատություն ռադիոկայանի» կողմից պատրաստված «բազմակողմանի և օբյեկտիվ» ռեպորտաժներ»,-գրել է նա։