Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանն ափսոսանքով գրել է օրերս ապամոնտաժված գրատնակների մասին:
Հարցն այն է, որ այդ կրպակները, բացի նրանից, որ տեղադրված են եղել խարխուլ իրավական հիմքի վրա, բացի նրանից, որ չէին ծառայում իրենց բուն նպատակին ու դրանցում հաճախ հեռախոսներ, աքսեսուարներ ու այլ «սուվենիռչիկներ» էին վաճառվում, նաև խնդիր էին ներկայացնում երթևեկության անվտանգության տեսակետից՝ խաչմերուկներում փակելով վարորդների տեսադաշտը: Ու առաջին հերթին, գեղարվեստական արժանիքների տեսանկյունից կասկածելի այդ կրպակներն ավելի էին ծանրաբեռնում առանց այդ էլ ծանրաբեռնված մայթային հատվածները:
Քաղաքային գործող իշխանության նպատակն է՝ հնարավորինս մաքրել մայթերն այդ բեռից ու ստեղծել ազատ (ոչ թե դատարկ) հանրային տարածքներ, և գրատնակներից ազատված տեղը, իհարկե, կբարեկարգվի: Ապամոնտաժումից առաջ կրպակների սեփականատերը ծանուցվել է, որ կարող է սեփական միջոցներով ապամոնտաժել ու տեղափոխել դրանք, ինչը չի արել։ Այժմ կրպակները պահեստավորված են, և սեփականատերը կարող է տնօրինել դրանք ցանկացած ժամանակ:
Պարոն Ամիրյանը նաև ակնարկ է անում կենտրոնում ինչ-որ բազմաբնակարան շենքի կառուցման ու այդ համատեքստում՝ օրինականության մասին։ Սրա կապակցությամբ ստիպված ենք կրկին հայտարարելու, որ կենտրոնում բազմաբնակարան կառուցապատում, ըստ էության, չկա՝ եղած մեկ-երկու կառուցվող շենքերն էլ փաստացի «անցյալի ուրվականներն» են (դրանցից մեկում, օրինակ, 54 ընտանիք դեռ 2008-10 թվերից սեփականության իրավունք ունեն): Ամենայն հարգանքով պարոն Ամիրյանի անձի ու անցած ուղու նկատմամբ, ավելորդ չէր լինի թերևս հիշեցնել, որ Երևանի կենտրոնը բազմաբնակարաններով հեղեղվում էր այն ժամանակ, երբ նա հանրային ու պետական բարձր պաշտոններ էր զբաղեցնում ու պակաս հնարավորություն չուներ իր դժգոհությունն արտահայտելու:
Ի վերջո, եթե պարոն Ամիրյանը կրպակների հարցով ՀՀ գործող վարչապետին զանգելու և միջամատություն խնդրելու հնարավորություն ունի, պետք է որ հնարավորություն ունենար մեկ այլ վարչապետի՝ իր նախկին ղեկավարին հարցադրումներ անելու, օրինակ, Մոնումենտի այգու հաշվին կառուցված դղյակների օրինականության կամ պատեհության մասին»: