Սեբաստացի կրթահամալիրի վճարովի մանկապարտեզի հարեւանությամբ երկու համայնքային անվճար մանկապարտեզներ կան, որոնցից մեկը այս պահին հիմնովին վերանորոգվում է՝ իր ստեղծման օրվանից ի վեր առաջին անգամ, իսկ մյուսի վերանորոգումը կմեկնարկի հաջորդ տարի (ի դեպ, տիար Բլեյանը վերջերս առաջարկում էր մեզ այս երկու համայնքային մանկապարտեզները հանձնել իր կառավարմանը): Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը՝ անդրադառնալով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի բարձրացրած խնդրին։
«Հայտնի է նաեւ, որ գոյություն ունի ենթաօրենսդրական ակտ, որը պարտավորեցնում է համայնքային իշխանությանը՝ երեխաների անվտանգության նկատառումով ցանկապատել նախակրթական հաստատության տարածքը, ինչը եւ արվում է խնդրո առարկա տարածքում:
Անցած դեկտեմբերին անձամբ, Երեւանի ավագանու անդամների մասնակցությամբ, տիար Բլեյանի հետ քննարկել ենք թիվ 93 մանկապարտեզի ցանկապատի հարցը՝ գալով համաձայնության, որ ցանկապատը պետք է լինի՝ «սեբաստացիների» հետ համաձայնեցրած ուրվագծով, եւ պետք է լինի տարածքի ընդհանրականությունն ապահովող անցում:
Մեր կողմից հաստատում ենք, որ պայմանավորվածությունն ուժի մեջ է: Անշուշտ, «Սեբաստացի»-ն մեր քաղաքի կարեւոր կրթական հաստատություններից է: Միեւնույն ժամանակ, պնդում ենք, որ ո՛չ բարձրագոչ հայտարարությունները, ո՛չ երկիմաստ ու ժողովրդավարության ջատագովին պատիվ չբերող «փաստարկները»՝ կրթահամալիրում սովորող երեխաների ծնողների անվան հիշատակմամբ, չեն կարող չեղարկել նորմատիվ իրավական ակտերով սահմանված անվտանգության չափորոշիչները:
Երեւանի բոլոր երեխաները հավասար չափով համայնքի հոգածության ներքո են՝ անկախ նրանից՝ հաճախում են համայնքային ենթակայության մանկապարտեզներ, թե այլ հաստատություններ: Նրանցից յուրաքանչյուրի եւ բոլորի, ոչ թե առանձին խմբի շահն է սպասարկում Երեւանի քաղաքային իշխանությունը»,- գրել է փոխքաղաքապետը: