«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սերժ Սարգսյանն ապօրինաբար էր Մարգարիտա Սիմոնյանին շնորհել «Մովսես Խորենացու» մեդալը
Համաձայն «Պետական պարգևների և պատվավոր կոչումների» մասին օրենքի 23-րդ հոդվածի՝ Մովսես Խորենացու մեդալով պարգևատրվում են մշակույթի, արվեստի, գիտության, կրթության, սպորտի բնագավառների և կրոնական գործիչները:
Մարգարիտա Սիմոնյանը պրոպագանդիստ է, որն ինքն իրեն լրագրող է համարում: Բայց ո՛չ լրագրողը և ո՛չ էլ, առավելևս, պրոպագանդիստը չեն համարվում մշակույթի, արվեստի, գիտության, կրթության, սպորտի բնագավառների կամ կրոնական գործիչ:
Ցավոք սրտի, սակայն, օրենքը չի նախատեսում որևէ մեխանիզմ մեդալը կամ պատվավոր կոչումը հետ վերցնելու կամ ուժը կորցրած ճանաչելու համար։ Նույնիսկ՝ եթե կոչումն ապօրինի է շնորհվել:
Օրենքի այս բացն արժի կարգավորել, բայց առայժմ արձանագրենք, որ Մարգարիտա Սիմոնյանը կպահպանի Սերժ Սարգսյանից ապօրինաբար ստացած «Մովսես Խորենացու» մեդալը:
Հ. Գ. Ցավոք, ապօրինի մեդալ տալու համար նաև հնարավոր չէ քրեական պատասխանատվության ենթարկել Սերժ Սարգսյանին»: