Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել.
«Տավուշում ծավալված մարտական գործողությունների մեկնարկից ի վեր, միջազգային խաղացողների՝ իրադրության լիցքաթափման հնարավոր ջանքերի շրջանակներում, գերազանցապես շրջանառվում է ՌԴ-ի և որպես միջազգային ռազմաքաղաքական դաշինքի՝ ՀԱՊԿ դերակատարության հարցը։
ՀԱՊԿ-ի գործոնը հասկանալի է՝ ՀՀ-ն այդ ռազմաքաղաքական դաշինքի անդամ է, սակայն անհասկանալի է տարածաշրջանային երկարատև խաղաղության և կայունության հաստատման մասին որոշակի պարբերության հայտարարություններ անող ՆԱՏՕ-ի լռությունը իր դաշինքի անդամ Թուրքիայի ծայրահեղ վտանգավոր հայտարարությունների, սպառնալիքների վերաբերյալ։
Նույնը վերաբերվում է ՆԱՏՕ-ում առանցքային դերակատարություն ունեցող և մեր տարածաշրջանում համապատասխան շահեր ունեցող ԱՄՆ-ին, ում դաշնակից Թուրքիան իր պահվածքով և քաղաքականությամբ ուղիղ սպառնալիք է Հայաստանի համար»։