Երկրորդ միջանկյալ զեկույցն ենք անգլերենով ուղարկում միջազգային կառույցներին՝ կապված Հայաստանի Տավուշի մարզի ուղղությամբ հուլիսի 12-14-ի ադրբեջանական զինված ուժերի հրետակոծությունների և գնդակոծությունների հետ։ Այս մասին իր  ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

 

Նա, մասնավորապես, նշել է. «Հատուկ շեշտադրումներ են արված քաղաքացիական բնակավայրերի, նրանց բնակիչների առողջության, կյանքի ու սեփականության պաշտպանության մասով։

Ինչպես նախորդը, այս զեկույցն էլ առանձին ընթացակարգով ուղարկվում է նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին: Հատուկ նշում եմ, որ այսպիսի հնարավորություն ունեն միայն «A» միջազգային կարգավիճակ ունեցող Մարդու իրավունքների ազգային հաստատությունները:

Զեկույցում արտացոլվել են նաև այն տվյալները, որ ադրբեջանական կողմը սեփական հրետանային մարտկոցները տեղադրել է խաղաղ բնակչության մոտ, բնակավայրերում, որպեսզի հայկական կողմի պատասխան կրակը ուղղվի սեփական բնակչության վրա։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է իրականացնել իրավապաշտպան գործունեությունը՝ անմիջական կապ պահպանելով Տավուշի մարզի Մովսես, Չինարի, Այգեպար, Բերդ և մի շարք այլ համայանքների, ինչպես նաև Տավուշի մարզպետարանի ու ՀՀ պաշտպանության նախարարության հետ՝ պաշտոնական հաղորդակցությամբ»: